Բելգիացի ֆերմերները Մերկոսուրի հետ համաձայնագրի դեմ բողոքի ակցիայի շրջանակում փակել են մի քանի մայրուղիներ, հաղորդել է Բելգա գործակալությունը։

«Չնայած ձմեռային եղանակային պայմաններին՝ ֆերմերները որոշել են տրակտորներով երթեւեկության արգելափակումներ կազմակերպել Վալոնիայի մայրուղային ցանցի տարբեր ռազմավարական կետերում։ Վերջին օրերին բողոքի ցույցերը սրվել են՝ ԵՄ-ի կողմից ուրբաթ Մերկոսուրի հետ ազատ առեւտրի համաձայնագրի հաստատումից առաջ»,- նշվել է հաղորդագրության մեջ։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ ֆերմերները փակել են առնվազն 16 կարեւոր հանգույցներ եւ սահմանային անցումներ։

Նմանատիպ բողոքի ցույցեր տեղի են ունեցել ԵՄ երկրներում ամբողջ 2024թ․ ընթացքում։ Տեղի ֆերմերները վախենում են, որ Եվրոպան կհեղեղվի ավելի էժան ապրանքներով, որոնք ենթարկված կլինեն ոչ այնքան խիստ սանիտարական եւ բնապահպանական վերահսկողության։

Մերկոսուրը Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր շուկան է, որը ներառում է Արգենտինան, Ուրուգվայը, Պարագվայը, Բրազիլիան եւ Բոլիվիան։ Այն միավորում է 250 միլիոն մարդու եւ մայրցամաքի համախառն ՀՆԱ ավելի քան 75 տոկոսը։

Ֆերմերները նաեւ մտահոգված են, որ սպասվող համաձայնագիրը կնվազեցնի եվրոպացի գյուղատնտեսական արտադրողների վաճառքը՝ լատինաամերիկյան գործընկերների հետ «անազնիվ մրցակցության» պատճառով։