Ավստրալիայի իշխանությունները Վիկտորիա նահանգում աղետի դրություն են հայտարարել այն բանից հետո, երբ երկրի հարավ-արեւելքում զանգվածային անտառային հրդեհները ոչնչացրել են տներ եւ ոչնչացրել անտառի հսկայական տարածքներ, հաղորդել է AFP-ն։

Որոշումը կայացվել է ծայրահեղ շոգի պայմաններում. տարածաշրջանում ջերմաստիճանը գերազանցել է Ցելսիուսի 40 աստիճանը, իսկ չոր, տաք քամիները ստեղծել են 2019-2020թթ․ աղետալի «Սեւ ամառ» հրդեհներից ի վեր ամենավտանգավոր հրդեհային պայմանները։

Ամենակործանարար օջախներից մեկը Լոնգվուդի շրջանում, որը ծածկված է բնական անտառներով, ընդգրկել է մոտ 150 հազար հեկտար տարածք։ Նահանգի վարչապետ Ջասինտա Ալանը հայտնել է, որ աղետի դրության հայտարարումը հրշեջներին տալիս է արտակարգ լիազորություններ, այդ թվում՝ պարտադիր տարհանումների։ Նրա խոսքով՝ հիմնական նպատակը մարդկային կյանքեր փրկելն է, տարհանման բոլոր հրամանները պետք է կատարվեն անհապաղ։

Արտակարգ իրավիճակների ծառայությունների տվյալներով՝ հրդեհից ոչնչացվել է առնվազն 130 կառույց, այդ թվում՝ տներ, օժանդակ շինություններ եւ պահեստներ։ Զգալի վնաս է հասցվել գյուղատնտեսությանը, տուժել են արոտավայրերը, մշակաբույսերը եւ խաղողի այգիները։ Չնայած եղանակային պայմանների որոշակի բարելավմանը, նահանգում շարունակվում են մոտ տասը խոշոր հրդեհներ, մասնագետները զգուշացնում են, որ դրանցից շատերը կարող են շարունակվել մի քանի օր կամ նույնիսկ շաբաթներ: Լրացուցիչ սպառնալիք են չոր կայծակներով ուղեկցվող ամպրոպները, որոնք կարող են նոր հրդեհներ առաջացնել: Ծայրահեղ շոգն ազդել է ոչ միայն մարդկանց, այլեւ վայրի բնության վրա: Հարեւան Հարավային Ավստրալիա նահանգում գրանցվել է չղջիկների ձագերի զանգվածային մահ, որոնք չեն կարողացել դիմակայել անբնական բարձր ջերմաստիճաններին: Հարյուրավոր հրշեջներ ամբողջ երկրից մոբիլիզացվել են հրդեհների դեմ պայքարելու համար:

Գիտնականները նշել են, որ Ավստրալիայում միջին ջերմաստիճանը քսաներորդ դարի սկզբից բարձրացել է մոտ 1.5 աստիճանով: Այս տաքացումը կապված է ծայրահեղ եղանակային երեւույթների աճի հետ՝ երկարատեւ երաշտներից եւ ջերմային ալիքներից մինչեւ կործանարար անտառային հրդեհներ: Միեւնույն ժամանակ, Ավստրալիան մնում է աշխարհի ածխի եւ գազի խոշորագույն արտադրողներից եւ արտահանողներից մեկը՝ վառելիքի տեսակներ, որոնք զգալիորեն նպաստում են գլոբալ տաքացմանը: