TRIPP-ի գործընթացի հետ կապված մեծագույն մտահոգությունը, մեր՝ հայկական կողմի ներկայացուցիչների սակավ պրոֆեսիոնալիզմի և պոպուլիզմով համեմված՝ հանցավոր ինքնավստահության մեջ է։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է սահմանադրական իրավունքի փորձագետ Գոհար Մելոյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Հայտնի է, որ ՀՀ կառավարությունը ակտիվ բանակցություններ է վարում «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի» (TRIPP Route) կապի նախագծի իրականացման ընդհանուր պայմանների շուրջ։
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ստեղծվելու է «TRIPP Company»-ն՝ հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունը, որը ստանալու է՝ երկաթուղային, ճանապարհային, նավթային և գազային խողովակաշարերի, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման իրավունք։
Սակայն առկա են բազմաթիվ հարցեր.
. ինչպիսին է լինելու նշված ընկերության կորպորատիվ կառուցվածքը,
.ինչպես և ինչ պայմաններում են կարգավորվելու այդ ընկերության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները։
Փորձեմ ներկայացնել հարցադրումների փոքրիկ խումբ.
1.Արդյո՞ք հիմնադրվելու է նոր իրավաբանական անձ՝ քաղաքացիական իրավունքի առանձին սուբյեկտ, որին կտրվի Սյունիքի մարզով անցնող ենթակառուցվածքների ստեղծման և կառավարման իրավունքը, թե նոր իրավաբանական անձ չի ստեղծվի, և աշխատանքները կազմակերպվելու են հայ-ամերիկյան համատեղ գործունեության պայմանագրի (joint venture) միջոցով՝ առանց առանձին իրավաբանական անձ կազմավորելու։
2.Եթե ստեղծվում է առանձին իրավաբանական անձ, ապա որտե՞ղ է այն գրանցվելու՝ Հայաստանու՞մ, ԱՄՆ որևէ նահանգու՞մ (օրինակ՝ Դելավերում), թե՞ որևէ երրորդ երկրում, և ինչ կազմակերպաիրավական ձև կունենա՝ բաժնետիրական ընկերություն, ներդրումային ֆոնդ կամ այլ։
3.Արդյո՞ք այդ իրավաբանական անձի սեփականատերերը լինելու են միայն հայկական և ամերիկյան կողմերը, թե հնարավոր է նաև երրորդ կողմի մասնակցություն։
4.Եթե առանձին իրավաբանական անձը չի ստեղծվում, ապա joint venture-ը հիմնադրվելու է միայն հայկական և ամերիկյան կողմերի միջև, թե հնարավոր է նաև երրորդ կողմի մասնակցություն։
- Ինչպե՞ս են բաժանվելու այդ իրավաբանական անձի բաժնետոմսերը (փայաբաժինները)։ Այդ իրավաբանական անձի կանոնադրությամբ ինչպե՞ս են սահմանվելու շահույթի բաշխման մանրամասները՝ արդյո՞ք շահույթը կբաշխվի ըստ փայաբաժինների։
- Արդյո՞ք այդ ընկերության բաժնետերերը իրավունք օտարել իրենց փայաբաժինը առանց մյուս կողմի համաձայնության:
7.Ինչպե՞ս են սահմանվելու կառավարման մյուս հարցերը, օրինակ՝ գլխավոր տնօրենի նշանակման ու հեռացման հարցերը։ Նույն հարցերն առկա են joint venture-ի դեպքում։
- Արդյո՞ք այդ ընկերությունը վճարելու է հարկեր ՀՀ պետական բյուջեին իր ստացած շահույթից, այն է՝ ենթակառուցվածքների շահագործումից, ինչպես ՀՀ-ում աշխատող ցանկացած այլ ընկերություն։
- Ո՞վ կլինի այդ իրավաբանական անձի սեփականատերը ԱՄՆ կողմից։ Որոշակի ուսումնասիրություն կատարելուց հետո չհանդիպեցին դեպքեր, երբ ԱՄՆ կառավարությունը, ի տարբերություն ՀՀ կառավարության, անձամբ հիմնադրի որևէ իրավաբանական անձ կամ մասնակցի որևէ joint venture-ում։ Արդյո՞ք ԱՄՆ կառավարությունը հանդես կգա ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան (DFC)-ի միջոցով, թե որևէ մասնավոր ներդրումային ֆոնդի՝ BlackRock-ի, Vanguard-ի կամ այլի։
- Ի՞նչ իրավական ակտերով է տրվելու այդ ընկերությանը կամ joint venture-ին ենթակառուցվածքների զարգացման և շահագործման իրավունքը, ի՞նչ ժամկետով, և արդյո՞ք այդ մասով կնքվելու է առանձին կոնցեսիոն պայմանագիր ՀՀ կառավարության և նշված «TRIPP Company»-ի միջև։
- Որո՞նք են լինելու այդ պայմանագրի հիմնական պայմանները։ Արդյո՞ք այդ ընկերությունը վճարելու է Հայաստանի Հանրապետությանը որևէ գումար՝ ՀՀ ենթակառուցվածքները վարձակալելու դիմաց, թե Հայաստանի Հանրապետության տարածքը այդ իրավաբանական անձին կամ joint venture-ին տրվելու է անհատույց՝ ենթակառուցվածքներ զարգացնելու պայմանով:
Անկասկած, ԹՐԻՓՓ-ի նախագծի կայացումը կամ չկայացումը, իսկ կայանալու դեպքում՝ դրա պայմանները մեծապես ազդելու են Հայաստանի Հանրապետության ապագայի վրա։
Հետևաբար, այս և նման հարյուրավոր հարցեր ՉՊԵՏՔ է քննարկվեն և որոշվեն փակ դռների հետևում ու սահմանափակ խմբով պաշտոնատար անձանց կողմից, ինչպես սովորաբար արվում է՝ ողջ բացասական հետեւանքներով, այլ պետք է դառնան լայն քննարկման առարկա հայ հանրության և ոլորտի լավագույն մասնագետների մասնակցությամբ։
Եւ այս գործընթացի հետ կապված մեծագույն մտահոգությունը, մեր՝ հայկական կողմի ներկայացուցիչների սակավ պրոֆեսիոնալիզմի և պոպուլիզմով համեմված՝ հանցավոր ինքնավստահության մեջ է:
Բոլոր հավանական զարգացումներից, ինչպես միշտ ամենահակահայկականը չունենալու տեղին մտահոգությունը»։





























