Ամերիկյան ընկերության հետ պայմանագիրը կապված է այն բանի հետ, որ Պաշտպանության նախարարությանը կտրամադրվեն այժմ փորձարկումներ անցնող զինվորական համազգեստի նմուշներ։ Այս մասին հունվարի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նա հավելել է, որ դրանից հետո՝ 2026 թվականին, կսկսվի գնման գործընթաց, որին կկարողանան մասնակցել նաև տեղական ընկերությունները։ «Այն, որ մենք արդեն ունենք ընդհանուր պատկերը, թե ինչպիսին պետք է լինի դաշտային համազգեստը տարբեր զորատեսակների համար, արդեն հստակ է։ Առաջիկա 1 ամսվա ընթացքում կլինեն նաև բանակի ամենօրյա և տոնական համազգեստների նմուշները։ 2026 թվականին գնման գործընթացի արդյունքում դա կտարածվի ամբողջ ԶՈւ-ի վրա», - նշել է նախարարը։

Պաշտպանության նախարարը նաև հավելել է, որ պահանջելու է արգելել համազգեստի վաճառքը։ Եթե դրանք մաշվեն, բանակը ստիպված կլինի լուծել այդ հարցը, հավելել է Պապիկյանը։