Գերմանիայում «հատուկ հիմնադրամ» հասկացությունն ընտրվել է որպես «2025 թվականի հակաբառ»։ Այս մասին հայտնել է DPA գործակալությունը՝ հղում անելով ամենամյա մրցույթի ժյուրիին։

Ժյուրին նշել է, որ «հատուկ հիմնադրամ» բառի օգտագործումը, որն ի սկզբանե փոխառվել է տնտեսագիտական և իրավական տերմինաբանությունից, հանրային քննարկումներում քողարկում է այն, ինչ իրականում նկատի է առնվում. այն է՝ պարտքի ավելացումը։ 2025 թվականին այն հաճախ է կիրառվել Գերմանիայի պաշտպունակության հզորացման, ներդրումային ծրագրերի զարգացման և պետական պարտքի խնդիրների վերաբերյալ քննարկումների ժամանակ։

«Տարվա հակաբառը» ամեն տարի ընտրվում է 1991 թվականից սկսած։ Սկզբնապես ընտրությունն իրականացնում է Վիսբադենի Գերմաներեն լեզվի ընկերությունը, սակայն հետագայում ստեղծվել է առանձին անկախ ժյուրի, որը հայտարարում է այն բառերը, որոնք հակասում են ժողովրդավարության սկզբունքներին, մարդկային արժանապատվության հարգմանը կամ խտականություն են դրսևորում առանձին հասարակական խմբերի նկատմամբ։ Նախաձեռնության նպատակն է նպաստել բառերի ընտրության և ամենօրյա շփման մեջ դրանց կիրառման շուրջ խորհրդածություններին։

Գերմանիայում 2024 թվականի հակաբառ էր դարձել «բիոգերմանացի» հասկացությունը, որը, ինչպես պնդում էր ժյուրին, խտրականություն է դրսևորում Գերմանիայի Դաշնային Հանրապետության այն բնակիչների նկատմամբ, ովքեր էթնիկ գերմանացիներ չեն։