Մենք ցանկանում  ենք, որ քաղհասարակության հետ համագործակցությունը ընդլայնվի, բայց դրա համար շատ կարևոր է, որ ռազմավարական հարցերի շուրջ մենք ընդհանուր տեսլական ձևավորենք։ Այս մասին այսօր՝ հունվարի 14–ին, «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով ՄԱՀՀԻ անվտանգային ֆորումի շրջանակում իր խոսքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2020–2023 թվականներին այդ համագործակցությունը չի ստացվել, որովհետև ըստ էության կառավարության մոտ սոցիալ-հոգեբանական տրանսֆորմացիայի շրջան է եղել։ Հիմա փառք Աստծո, մենք մի իրավիճակում ենք և շատ բաներ, որ հիմա ասում եմ, երեք տարի առաջ մենք բարձրաձայն դա չէինք ասի։

Հիմա մենք նույնիսկ ինստիտուցիոնալ որոշումներ ենք կայացնում կառավարությունում, վարչապետի աշխատակազմում, և մենք մտածում ենք, թե էլ ինչ կարող ենք անել։ Ես ուզում եմ միանշանակ և աներկբա ասել, որ այդ ոլորտում կառավարությունը չունի բացարձակապես ոչ մի սահմանափակում։

Այսինքն խնդրում եմ իմ ասածը ձև և չափազանցություն չդիտարկել, որովհետեւ մենք ինքներս էլ մեզ օրգանական կապի մեջ ենք զգում քաղաքացիական հասարակության հետ»,– ասաց նա։

Փաշինյանն անդրադարձավ նրան, որ Հայաստանը հայտնվել է ավիացիոն «սև ցուցակում».

«Այսօր մեզ ասում են՝ լսեք, բա ասում եք՝ Եվրամիության հետ լավ եք, բա այդքան գնում եք, գալիս եք, նկարվում եք ամբողջ օրը Բրյուսելներում, բա այդ հարցը չեք կարողանո՞ւմ լուծել։ Բա կարո՞ղ է ճիշտ չեք մոտենում։ Սիրելիներս, ստանդարտի հարց է, հասկանու՞մ եք, պետք է աշխատել այլ կերպ։ Հազար ներողություն, մեր իմացած էդ սովետական այդ ձևերը, որ բա չենք կարո՞ւմ մի բան անենք, մի բան լինի... Միակ բանը, որը մենք պետք է անենք, մեր աշխատանքի և մոտեցումների ստանդարտը փոխելն է, և այստեղ ես շնորհակալ եմ ԵՄ–ին, որովհետև եթե այդ «սև ցուցակը» չլինի, մենք ոչ մի խնդիր չենք ունենա, մենք այդ թեմային ինքնուրույն չենք առերեսվի։ Որովհետև Հայաստանում կա դասարանցի, բանակի ընկեր, խնամի, քավոր և եվրոպական ստանդարտը հենց այն է, որ կապ չունի ով ում խնամին է, ում ծանոթն է, ում բարեկամն է։ Այդ ինքնաթիռը պետք է թռնի և վայրէջք կատարի, և դրա համար պետք է լինեն որոշակի համոզիչ ինդիկատորներ, որոնք համոզմունք կտան, որ այդ ինքնաթիռը թռնելու է, իջնելու է։ Խնդիրը մեր մեջ է, Եվրամիության մեջ չի։

Եվրամիությունը մեզ ասում է. «Ընկերներ, դուք այստեղ, այստեղ խնդիր ունեք։ Ուզում եք՝ լուծեք, չեք ուզում՝ մի լուծեք, ոչ մի խնդիր չկա, բայց ես չեմ թույլ տա, որ իմ բնակավայրերի վրայով թռնի այդ ինքնաթիռը, որը չի համապատասխանում իմ ստանդարտներին։ Այստեղ նեղանալու ոչ մի բան չկա, և սա օգնում է մեզ որոշումներ կայացնել։

Մենք անհամբերությամբ սպասում ենք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին Հայաստանում, ակնկալում ենք ամենաբարձր մակարդակի մասնակցություն Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին, նաև Հայաստան-Եվրամիություն գագաթաժողովին ենք սպասում, որի հետ կապված պայմանավորվածությունները նույնպես ձեռք են բերվել»,– ասաց Փաշինյանը։