Մինեապոլիսում ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) կողմից իրականացվող ձերբակալման և արտաքսման գործողության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով Վենեսուելայից ժամանած միգրանտ է ոտքից վիրավորվել: Այս մասին գրում է CBS News-ը:

CBS-ի տվյալներով՝ գործողության թիրախը Վենեսուելայից ժամանած «անօրինական օտարերկրացի» է եղել: Նա բահով հարձակվել է ICE-ի աշխատակցի վրա՝ փորձելով հարվածել նրա գլխին, ինչին ի պատասխան աշխատակիցը կրակ է բացել: Վիրավորում ստանալուց հետո վենեսուելացին թաքնվել է բնակելի տանը: Ավելի ուշ ոստիկանությունը պարզել է, որ ներսում ևս երեք անօրինական միգրանտներ են եղել: Բոլոր չորս անձինք բարիկադավորվել են տան ներսում. դեպքի վայր են կանչվել լրացուցիչ ուժեր և ի վերջո իրավապահ մարմինները գրոհով վերցրել են տունը:

ICE-ի աշխատակիցը և Վենեսուելայի վիրավոր քաղաքացին տեղափոխվել են հիվանդանոց:

ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունից հայտնել են, որ «Վենեսուելայից ժամանած անօրինական օտարերկրացին» սկզբում փորձել է ICE-ից փախչել ավտոմեքենայով, ապա՝ ոտքով, սակայն երբ նրան հասել են, նա «սկսել է դիմադրություն ցույց տալ և դաժան հարձակում է գործել» ICE-ի աշխատակցի վրա: Կռվի ժամանակ, մոտակա տնից դուրս են եկել երկու տղամարդ և «նույնպես հարձակվել են օրենքի ներկայացուցչի վրա՝ օգտագործելով ձյուն մաքրելու բահ և ավելի պոչ»: Այդ ժամանակ առաջին հետապնդվողը մի կերպ առանձնացել է և սկսել հարվածներ հասցնել բահով: ICE-ի աշխատակիցն ի պատասխան «պաշտպանական կրակոցներ է արձակել՝ սեփական կյանքը փրկելու համար»:

Դեպքի վայրում հավաքվել են տեղի բնակիչները և բախումներ են սկսվել: Մինեապոլիսի քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյը հանդարտության կոչ է արել և դիմել բողոքողներին՝ խնդրելով «կուլ չտալ Թրամփի վարչակազմի խայծը»:

Մեկ շաբաթ առաջ Մինեապոլիսում ICE-ի աշխատակիցը սպանել է 37-ամյա տեղի բնակչուհի Ռենե Նիկոլ Գուդին: Նրա մեքենան կանգնած է եղել ճանապարհի մեջտեղում, որով ընթանալուց է եղել ICE-ի աշխատակիցների՝ առանց տարբերանշանների պիկապը: Դուրս գալով մեքենայից՝ նրանք փորձել էին բացել Ռենե Գուդի ավտոմեքենայի դուռը և սկսել էին քաշել բռնակը: Վերջինս, ըստ ամենայնի, ցանկացել է հեռանալ, հետո վարել է մեքենան դեպի առաջ, ինչից հետո դիմապակու առջև կանգնած ICE-ի աշխատակիցը կրակ է բացել նրա ուղղությամբ։

Դոնալդ Թրամփն ավելի ուշ հայտարարել է, որ դիտել է միջադեպի տեսագրությունը և տեսել, թե ինչպես է վարորդը «ծայրահեղ ագրեսիվ» վարքագիծ դրսևորել՝ խոչընդոտելով ICE-ի աշխատակիցների գործողություններին, ինչից հետո «կանխամտածված ձևով վրաերթի է ենթարկել ծառայողին»: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Ռենե Նիկոլ Գուդի մահն անվանել է «ողբերգություն, որը նա ինքն է ստեղծել»՝ հայտարարելով, որ նա «փորձել է խանգարել իրավապահ մարմինների օրինական գործողությանը»: