Հնդկաստանում 103-ամյա կինը «հարություն է առել» սեփական հուղարկավորության ժամանակ։ Այս մասին հայտնել է Hindustan պարբերականը։

Լրագրողների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Մահարաշտրա նահանգում։ Տեղի 103-ամյա բնակչուհի Գանգաբաին մահացած է համարվել և սկսվել է հուղարկավորության ծեսի նախապատրաստությունը։ Նրա տանը, ըստ ավանդույթի, վրան են տեղադրել, իսկ կնոջը հուղարկավորության սարի են հագցրել։

Սգո միջոցառմանը մեծ թվով հնդիկ հարազատներ և ծանոթներ են եկել։ Մինչ հավաքվածները սպասում էին մարմինը տեղափոխող մեքենային, Գանգաբաին հանկարծակի սկսել է շարժվել և նստել է։

«Ամենազարմանալին այն է, որ դա տեղի է ունեցել նրա ծննդյան օրը», - ընդգծվում է նյութում։

Կնոջ ընտանիքի անդամները տեղի ունեցածը հրաշք են անվանել։ Արդյունքում հուղարկավորությունը վերածվել է 103-ամյա Գանգաբաիի ծննդյան տոնակատարության։