Բարձրագույն կրթության և գիտության նոր օրենքի ընդունումից հետո մենք ամբողջությամբ փոխում ենք ընդունելության համակարգը և մեր տրամաբանությամբ 12-րդ դասարանում ուսումնառության հատկապես երկրորդ կիսամյակի մի զգալի հատվածը հենց կամավորությանը պետք է վերաբերի, որն էլ հաշվի կառնվի ընդունելության խործընթացում։ Այս մասին, այսօր՝ հունվարի 15–ին, կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծիծաղելով ասաց, որ հենց 12–րդ դասարանցիներն էլ թող կամավորության սկզբունքով այցելեն դեղատներ, պոլիկլինիկաներ և տեղեկատվություն հավաքել կառավարության համար այս կամ այն խնդրի վերաբերյալ։
Անդրեասյանը նկատեց, որ հիմա դեռ իրենք պատրաստվում են միասնական քննություններին. «Հաջորդ շաբաթ օրվանից դրանք մեկնարկում են, ես կառաջարկեի մեր առողջապահության կառավարման մասնագիտությամբ սովորող ուսանողներին ներգրավել, իրենց համար դա նաև կարող է լինել շատ գործնական աշխատանք, որ այն ինչ տեսականում սովորում են, ռեֆորմի փուլում գնան և իրենք էլ դրանից իրենց մասնագիտական զարգացման օգուտը կքաղեն»։
Փաշինյանը շարունակեց կատակը. «Շատ լավ, 12-րդ դասարանցիները պատրաստվում են քննությունների, ուսանողներն էլ են քննությունների։ Վերջ, չեղավ գործը, հերթական անգամ պարզվեց, որ հնարավոր չի, փակեք էս թեման, էդ օրենքն էլ չեղարկեք, շաբաթ կիրակի էլ ուրիշ կարևոր գործեր ունեն»։
Իրավիճակը «փրկեց» արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ով նշեց. «Մենք նախարարությունով 500 կամավոր անդամագրել ենք, ունենք 500 հոգանոց կամավորների բանակ որոնց օգնությամբ թվայնացրել ենք մեր քաղաքացիների մահվան վկայականները։ Այնպես որ կամաբվորները կան»։
Սա աշխուժացրեց կառավարության անդամներին. «Մի քիչ ոլորտները խառնեցինք իրար, բայց ոչինչ»,– ծիծաղը հազիվ զսպելով ասաց Փաշինյանը։





























