Սիրելի ընկերներ, ծանոթ ու անծանոթ բարեկամներ, անսահման երախտապարտ եմ ճակատագրին, որ իմ կյանքի ճանապարհին ունեմ ձեզ։ Ձեր սերն ու աջակցությունն էին, որ լուսավորեցին խավար դարձած օրերս և ուժ տվեցին հասնելու այս լուսավոր պահին։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է նախօրեին ադրբեջանական գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերան։

Նա, մասնավորապես, նշել է. «Խնդրում եմ ներել, որ այս պահին չեմ կարողանում պատասխանել ձեր ուղարկած հարյուրավոր նամակներին։ Խոստանում եմ՝ յուրաքանչյուր բառ կկարդամ անձամբ, հայրիկիս կողքին նստած, և յուրաքանչյուրիդ կպատասխանեմ անհատապես։

Ուզում եմ տեղեկացնել, որ հայրիկիս առողջական վիճակը այս պահին գնահատվում է բավարար։ Նա ևս իր խորին շնորհակալությունն ու ջերմ բարևներն է փոխանցում ձեզ բոլորիդ։

Երանի ինձ՝ ձեզ ունենալու համար»։

Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր հետևյալը. «Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքչյանը եւ Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ հիմա գտնվում են ՀՀ տարածքում։

Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։ Նրանք տեղափոխվում են Երեւան»։

Նշենք, որ Գևորգ Սուջյանը ընկերոջ՝ Դավիթ Դավթյանի հետ գերեվարվել էին հրադադարից հետո՝ նոյեմբերի 11-ին, Արցախ հումանիտար օգնություն տեղափոխելիս։ Սուջյանը Արցախ էր գնում որպես բարեգործական ՀԿ-ի հիմնադիր նախագահ։ Նրանք երկուսն էլ Ադրբեջանում դատապարտվել էին 15 տարվա ազատազրկման։

Լիբանանահայ Վիգել Էուլջեքչյանը, որը 20 տարվա ազատազրկման էր դատապարտվել, գերեվարվել էր կրկին Գորիս–Բերդաձոր ճանապարհին՝ հրադադարի հաջորդ օրը։

Վագիֆ Խաչատրյանին ադրբեջանցիները գերի էին վերցրել 2023 թվականի հուլիսի 29-ին Հակարիի կամրջի մոտից՝ Կարմիր Խաչի ուղեկցությամբ բլոկադայի մեջ գտնվող Արցախից Հայաստան տեղափոխվելիս։