Մենք առավոտյան մեր սպասարկման աշխատանքն իրականացրել ենք, մեր ֆեյսբուքյան էջում ամեն ինչ հրապարակած է, մեր տեխնիկաների վրա կա GPS սարքեր, աշխատողները ճանապարհին են, տեխնիկաներն աշխատում են, մի քիչ պիտի հնարավորինս կամաց քշեն մեքենաները, քանի որ ճանապարհը սառած է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց «Քյավառ Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փոխտնօրեն Հրայր Մուսոյանը՝ անդրադառնալով այսօր առավոտյան Սևան-Մարտունի-Հայրավանք ճանապարհին տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարին։

«Գիշերը ջերմաստիճանը – 29 է եղել, քանի որ ճանապարհը ծովի մակերևույթին հավասար է, սառը քամի է փչում, մեր օգտագործած աղ ու ավազը չի աշխատում, մենք էլ հնարավորինս հաճախակի մշակում ենք ճանապարհը, որպեսզի երթևեկելը անվտանգ լինի ճանապարհին»,–ասաց նա։

Հարցին՝ վթարից առաջ վերջին անգամ ե՞րբ է աղ ու ավազ լցվել ճանապարհին, Մուսոյանը պատասխանեց. «Առավոտ ժամը 6.30–7.00–ից ճանապարհներին են, վթարից մի ժամ առաջ էլ են այնտեղ եղել։ Ժամը 11–ի կողմերը տեխնիկան հետ գալուց է եղել սահմանի վերջից, այդ վթարը արդեն եղած է եղել։

Ներկա պահին աշխատանքները էլի  շարունակվում են, հենց հիմա էլ ես ճանապարհին եմ անձամբ տեխնիկայի մեջ եմ և որպես սեփականատեր նաև հետևում եմ աշխատանքներին»։

Նա նաև կոչ արեց վարորդներին մի փոքր դանդաղ վարել մեքենաները. «եթե տեսնում են ճանապարհը սառն է, իհարկե պետք է իրենք էլ գիտակցեն ու կամաց վարեն մեքենան, եթե սահմանած արագությունը 60 կմ/ժ է, պետք է չգերազանցեն դա»։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր՝ հունվարի 16-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10:10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Ագետափ ավտոճանապարհի 22 կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 28-ամյա Սևակ Ի.-ի վարած «Toyota» մակնիշի և 35-ամյա Վահան Ս.-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով «Toyota»-ի ուղևորը տեղում մահացել է, իսկ վարորդը տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։ Մահացածը «Toyota»-ի վարորդի մայրն էր։

Նշվում է, որ ճանապարհն ամբողջությամբ մերկասառույց է եղել։