Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը երեքշաբթի օրը խոստացել է «վճռական պատասխան» տալ Գրենլանդիայի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին, հայտնում է AFP-ն:
Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի իր ելույթում ֆոն դեր Լեյենը զգուշացրել է, որ Թրամփը կարող է ԱՄՆ-ի և Եվրոպական միության հարաբերությունները ներքաշել «անկումային պարույրի» մեջ՝ Դանիայի ինքնավար տարածքի պատճառով:
Թրամփը, ով չորեքշաբթի օրը ելույթ է ունենալու համաշխարհային էլիտայի ամենամյա հավաքին, փորձության է ենթարկել անդրատլանտյան դաշինքը՝ Գրենլանդիան զավթելու իր պահանջով:
Եվրոպան կշռադատում է հակահարվածի քայլերն այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը սպառնացել է մաքսատուրքեր սահմանել եվրոպական ութ երկրների նկատմամբ՝ Գրենլանդիայի շուրջ ծագած հակամարտության պատճառով, թեև Վաշինգտոնը հայտարարել է, որ ցանկացած պատասխան միջոց «անխոհեմ» կլինի:
«Առաջարկվող լրացուցիչ սակագները սխալ են, հատկապես վաղեմի դաշնակիցների միջև հարաբերություններում,- համաշխարհային գործարար և քաղաքական առաջնորդների հանդիպման ժամանակ հայտարարել է ֆոն դեր Լեյենը:- Եթե մենք գլորվենք անկումային պարույրի մեջ, ապա դա միայն կօգնի հենց այն հակառակորդներին, որոնց մենք երկուսս էլ ձգտում ենք հեռու պահել ռազմավարական լանդշաֆտից: Հետևաբար, մեր պատասխանը կլինի վճռական, միասնական և համաչափ»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը բազմիցս հայտարարել է կղզու նկատմամբ Վաշինգտոնի վերահսկողություն հաստատելու անհրաժեշտության մասին: Նրա խոսքով՝ եթե դա չանի ԱՄՆ-ն, դա կանի Չինաստանը կամ Ռուսաստանը: Եվրոպան դեմ է հանդես գալիս կղզու նկատմամբ Թրամփի հավակնություններին:





























