Ռուսաստանը դեռևս անտեղյակ է «Խաղաղության խորհուրդ» նախաձեռնության բոլոր մանրամասներից և հույս ունի իր հարցերի պատասխանները ստանալ ամերիկացիների հետ շփումների ընթացքում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է TASS-ը։

«Այդպես խոսելը վաղաժամ է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետությունը դե ֆակտո ներկայացված կլինի Գազայի հարցով «Խաղաղության խորհրդում»՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե՛ Մոսկվան, թե՛ Մինսկը ԱՄՆ-ից այդ կառույցին մասնակցելու հրավեր են ստացել։

Պեսկովը նաև նշել է, որ Կրեմլում դեռևս չգիտեն՝ արդյոք «Խաղաղության խորհուրդը» վերաբերելու է միայն Գազայի հատվածին, թե ոչ։

Ավելի վաղ մի շարք երկրների առաջնորդներ ԱՄՆ-ից առաջարկներ են ստացել «Խաղաղության խորհրդի» կազմում ընդգրկվելու համար: Խորհրդի աշխատանքների մեկնարկը նախատեսվում է խաղաղության ծրագրի երկրորդ փուլում, որի շուրջ 2025 թվականի հոկտեմբերին համաձայնություն է ձեռք բերվել Իսրայելի և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման միջև, որտեղ որպես միջնորդներ հանդես են եկել Եգիպտոսը, Կատարը, ԱՄՆ-ն և Թուրքիան:

Պեսկովն ավելի վաղ հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գազայի հարցով «Խաղաղության խորհրդի» մեջ մտնելու հրավեր է ստացել և այդ հնարավորությունն այժմ ուսումնասիրվում է: