Լիբանանի իշխանությունները ՄԱԿ Անվտանգության խորհուրդ են ուղարկել բողոք՝ կապված իսրայելական բանակի շարունակվող գրոհների հետ, հայտնել է Լիբանանի ԱԳՆ-ն։

«Լիբանանի արտաքին գործերի նախարարությունը, Նյու Յորքում ՄԱԿ-ին կից Լիբանանի մշտական ​​​​առաքելության միջոցով, նամակ է ուղարկել Անվտանգության խորհրդին եւ ՄԱԿ գլխավոր քարտուղարին՝ բողոքելով վերջին ամիսներին Իսրայելի կողմից Լիբանանի ինքնիշխանության շարունակական խախտումներից»,- նշվել է հայտարարության մեջ։

ԱԳՆ-ում նշել են, որ բողոքը ներառում է երեք մանրամասն աղյուսակ, որոնք հանգամանալիորեն նկարագրում են Իսրայելի կողմից Լիբանանի ինքնիշխանության ամենօրյա խախտումները 2025թ․ հոկտեմբեր, նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին։ Նման խախտումների թիվը կազմել է համապատասխանաբար 542, 691 եւ 803՝ ընդհանուր առմամբ 2 036 միջադեպ։

Նախարարությունը կրկին հայտարարել է, որ այս խախտումները ոտնձգություն են Լիբանանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ եւ Իսրայելի՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի 2006թ․ 1 701 բանաձեւի եւ 2024թ․ նոյեմբերի 27-ի ռազմական գործողությունների դադարեցման համաձայնագրի շրջանակում ստանձնած պարտավորությունների ակնհայտ խախտում: Լիբանանի իշխանությունները կոչ են արել ՄԱԿ Անվտանգության խորհրդին պարտավորեցնել Իսրայելին կատարել 1 701 բանաձեւի դրույթները եւ հրադադարի համաձայնագրի պայմանները, ներառյալ զորքերի դուրսբերումը Լիբանանում դեռեւս գրավված հինգ կետերից, լիովին նահանջել միջազգայնորեն ճանաչված սահման, դադարեցնել խախտումները եւ ոտնձգությունները Լիբանանի ինքնիշխանության դեմ, ազատ արձակել լիբանանցի բանտարկյալներին եւ դադարեցնել Լիբանանի տարածքային ամբողջականության եւ քաղաքական անկախության դեմ սպառնալիքները միջազգայնորեն ճանաչված սահմաններում:

Երկուշաբթի գիշեր իսրայելական ինքնաթիռները զանգվածային ավիահարվածներ են հասցրել Լիբանանի հարավի մի քանի տարածքների: Ընդհանուր առմամբ իրականացվել է ավելի քան 15 ավիահարված: Երկուշաբթի իսրայելական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետեւանքով զոհվել է երկու մարդ, եւս մեկը վիրավորվել է: