Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյին Նոբելյան խաղաղության մրցանակի շնորհման մասին տեղեկության արտահոսքի ամենահավանական պատճառը պաշտոնական հայտարարությունից առաջ Նոբելյան ինստիտուտի համակարգչային համակարգերի կոտրումն էր, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ներքին հետաքննության արդյունքներին։
Անցյալ տարվա հոկտեմբերին Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտի տնօրեն Քրիստիան Բերգ Հարպվիկենը հայտարարեց, որ Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն կհետաքննի, թե արդյոք խաղաղության դափնեկիրի մասին տեղեկատվության արտահոսք է եղել դրա հրապարակումից առաջ՝ ամերիկյան Polymarket առցանց կանխատեսումների հարթակում Մաչադոյի հաղթանակի վրա խաղադրույքների կտրուկ աճի ֆոնին։ Ավելի ուշ նա միջադեպը կապեց լրտեսության հետ։
«Նոբելյան կազմակերպության համակարգչային համակարգը կոտրելն անցյալ տարվա Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Մարիա Կորինա Մաչադոյի անվան արտահոսքի ամենահավանական պատճառն է», - հաղորդել է գործակալությունը՝ հղում անելով հետաքննության արդյունքներին։
Ընդ որում, ըստ Հարպվիկենի՝ որոշում է ընդուվվել ոստիկանական հետաքննություն չհարուցել «հստակ տարբերակի բացակայության» պատճառով։
Մինչև պաշտոնական մրցանակաբաշխությունը, ըստ նորվեգական Finansavisen թերթի, Մաչադոն Polymarket-ի օգտատերերի շրջանում համարվում էր «ակնհայտորեն աութսայդեր»։ Սակայն, ընդամենը մի քանի ժամվա ընթացքում նրա հաղթելու հնարավորությունները 3,6%-ից աճեցին մինչև 70%-ից ավելի, և նա դարձավ ֆավորիտ։




























