Ամերիկյան Lockheed Martin կորպորացիայի գլխավոր տնօրեն Ջիմ Թեյքլեթը պատմել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը բռնելու գործողության ընթացքում ԱՄՆ-ի կիրառած ավիացիոն տեխնիկայի տեսակների մասին։ Դրա մասին հաղորդում է ռուսական ТАСС գործակալությունը՝ հղում անելով The War Zone (TWZ) պորտալին։

Ըստ հունվարի 29-ին ներդրողների հետ հեռախոսազրույցի ժամանակ ելույթ ունեցած Թեյքլեթի՝ «Բացարձակ վճռականություն» («Absolute Resolve») գործողության ընթացքում կիրառվել են F-35 և F-22 կործանիչներ, RQ-170 Sentinel անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև Lockheed Martin ընկերության Sikorsky-ի արտադրած Black Hawk ուղղաթիռներ։

Կորպորացիայի գլխավոր տնօրենն ընդգծել է, որ կիրառված տեխնիկան կարևոր դեր է խաղացել առաքելության հաջող ավարտի և ամերիկյան զորքերի անվտանգ վերադարձի գործում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 3-ին հայտարարել է Կարակասում գործողության մասին։ Ավելի ուշ նա պնդել է, որ գործողության ընթացքում կիրառվել են նախկինում անհայտ զենքեր և «գաղտնի զենք»՝ առանց մանրամասներ բացահայտելու։

TWZ-ն նշում է, որ գործողության մեկնարկից կարճ ժամանակ անց սոցիալական ցանցերում հայտնվել են տեսանյութեր, որոնք ցույց են տալիս առնվազն երկու RQ-170 Sentinel անօդաչու թռչող սարքերի ժամանումը Պուերտո Ռիկոյի նախկին ամերիկյան ռազմական բազա, որն օգտագործվում էր որպես օդային հիմնական կենտրոն: Այդ ժամանակ դիտորդները ենթադրում էին, որ անօդաչու թռչող սարքերը կարող էին օգտագործվել հետախուզության և թիրախների որոնման համար։

Ավելի ուշ ԱՄՆ զինված ուժերը հաստատել են F-35 և F-22 կործանիչների և Black Hawk ուղղաթիռների կիրառումը գործողության մեջ, սակայն RQ-170-ի օգտագործման մասին պաշտոնապես չի հայտարարվել։

TWZ-ի գնահատականներով՝ Sentinel անօդաչու թռչող սարքերը կարող էին երկար ժամանակ գաղտնի հսկողություն իրականացնել Մադուրոյի և նրա անվտանգության աշխատակիցների նկատմամբ, իսկ գործողության ընթացքում իրականացրել են հետախուզական և սպառնալիքների հայտնաբերման առաքելություններ: Դրանք նաև, ըստ ամենայնի, կիրառվել են ԱՄՆ-ի հարվածների ենթարկված Վենեսուելայի ռազմական օբյեկտների վերահսկման համար։