Ցանցային օպերատորի՝ լիցենզիա ստացած անձի կողմից օտարերկրյա տեսալսողական ծրագրի գույքային իրավունքները տիրապետող անձի հետ ձեռք բերված գրավոր համաձայնության հիման վրա, տեսալսողական ծրագիրը կարող է վերահաղորդվել միայն կարգավորող պետական մարմնին թղթային կամ էլեկտրոնային ծանուցում ներկայացնելուց հետո: Այս մասին, այսօր՝ փետրվարի 3–ին, ԱԺ կրթության, գիտության, մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ նշեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Հաջորդ կետով՝ ցանցային օպերատորի լիցենզիա ստացված անձը, օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության բացառման պահանջների առերևույթ խախտման վերաբերյալ վարչական վարույթի հարուցման մասին կարգավորող պետական մարմնի կողմից տեղեկացվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում դադարեցնում է տվյալ տեսալսողական ծրագրի վերահաղորդումը:

Մյուս կետով՝ օրենքի 9-րդ հոդվածի առաջին մասի դրույթների պահանջներին կամ օտարերկրյա տեսալսողական ծրագրերում, Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության հայտնաբերման առերևույթ խախտման վերաբերյալ վարչական վարույթի հարուցման դեպքում, կարգավորող պետական մարմնի պահանջը ստանալուց հետո՝ այն ցանցային օպերատորը, որը տվյալ օտարերկրյա տեսալսողական ծրագրի գույքային իրավքունքները տիրապետող անձի հետ ձեռք բերված գրավոր համաձայնության հիման վրա վերահաղորդում է իրականացնում, 15 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է տեսալսողական ծրագրերի կամ հաղորդումների տեսագրությունները կամ ձայնագրությունները։

Կարգավորող պետական մարմնի կողմից պահանջված  տեսագրությունները կամ ձայնագրությունները կարող են չներկայացվել, եթե վարչական վարույթի հարուցման օրվա դրությամբ առերևույթ խախտման օրվանից անցել է 30 օր»,- նշեց նա:

Նշելով, որ օրենքում տվել են ծրագրերի դիստրիբյուտորի սահմանումը, նախարարն ասաց. «Տեսալսողական ծրագրերում ներքաղաքական կյանքի միջամտության բովանդակության հայտնաբերման առերևույթ խախտման վերաբերյալ վարչական վարույթի հարուցման դեպքում կարգավորող պետական մարմնի պահանջը ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է տեսալուսողական ծրագրերի կամ ձայնագրությունների հատվածը։

54-րդ հոդվածով սահմանված ժամկետում տեսագրությունը և ձայնագրությունը չներկայացնելու դեպքում, ինչպես նաև սույն օրենքի իններորդ հոդվածի առաջին մասի պահանջները, ինչպես նաև օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի ներքաղաքական կյանքի միջամտության բացառման պահանջը խախտելու դեպքում կարգավորող պետական մարմինը իրավասու է օրենքով սահմանված կարգով ընդունել որոշում տվյալ տեսալսողական ծրագրի մասով ծանուցման հաստատման մասին ընդունված վարչական ակտի իրավական ուժը դադարեցնելու վերաբերյալ։

Ցանցային օպերատորի լիցենզիայի գործողությունը կասեցվում է առավելագույնը 30 օր ժամկետով, եթե ցանցային օպերատորը սույն օրենքի 57-րդ հոդվածի 41-րդ մասով սահմանված հիմքով մեկ տարվա ընթացքում երեք անգամ ենթարկվել է վարչական տույժի»։