Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը հայտարարել է, որ ամեն ինչ կանի՝ երկիրը նոր զինված հակամարտության մեջ ներքաշելուց խուսափելու համար։

«Մենք երբեք թույլ չենք տա որևէ մեկին երկիրը ներքաշել նոր արկածախնդրության մեջ», - մեջբերում են տարածաշրջանային ԶԼՄ-ները նրա խոսքերը, որոնք հնչել են Դուբայում ընթացող Համաշխարհային կառավարական գագաթնաժողովի ժամանակ։

Այս կերպ վարչապետը մեկնաբանել է «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Նաիմ Քասեմի՝ անցյալ շաբաթ արված հայտարարություններն այն մասին, թե Իրանի վրա ցանկացած հարձակում կհամարվի հարձակում հենց շարժման վրա։

Սալամը նաև հայտարարել է, որ Գազայի հատվածում հակամարտությանը միանալու և «ՀԱՄԱՍ» շարժմանն աջակցելու «Հեզբոլլահի» որոշումը «շատ լուրջ» հետևանքներ է ունեցել Լիբանանի համար։

Լիբանանի վարչապետն ընդգծել է, որ երկրի կառավարությունը նախկինի պես հավատարիմ է բարեփոխումների իրականացմանը և պետական ամբողջական ինքնիշխանության վերականգնմանը։ Նրա խոսքով՝ բարեփոխումները կօգնեն վերականգնել միջազգային վստահությունը Լիբանանի և նրա տնտեսության նկատմամբ այն պահին, երբ երկիրը ձգտում է արտաքին աջակցություն և ներդրումներ ստանալ տնտեսական բազմամյա ճգնաժամից հետո։

Ավելի վաղ Քասեմը հայտարարել է, որ «Հեզբոլլահը» կդառնա «ցանկացած հավանական ագրեսիայի» զոհը, սակայն պատրաստ է պաշտպանվել։ Նա ընդգծել է, որ Իրանի վրա հնարավոր հարձակումը «կբոցավառի ողջ տարածաշրջանը» և մեղադրել է ԱՄՆ-ին ոչ միայն Իրանին հաղթելու, այլև գլոբալ գերիշխանության հասնելու ցանկության մեջ։

2024 թվականի նոյեմների Իսրայելը և «Հեզբոլլահը» կնքել են հրադադար, որը նախատեսում է, որ շարժումը չի փորձի վերականգնել այն ենթակառուցվածքները, որոնք կարող են օգտագործվել Իսրայելի վրա հարձակումների համար։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) իրեն իրավունք է վերապահում հարվածներ հասցնել «Հեզբոլլահի» մարտիկներին, եթե որոշի, որ նրանք սպառնալիք են ներկայացնում Իսրայելի անվտանգությանը։ Ավելի ուշ հաղորդումներ են ստացվել ինչպես լիբանանյան տարածքից Իսրայելի ուղղությամբ արված գնդակոծությունների, այնպես էլ ՑԱԽԱԼ-ի կողմից Լիբանանի հարավին հասցված բազմակի հարվածների մասին։