Նորվեգիայի խորհրդարանը (Ստորտինգ) քվեարկել է երկրում միապետական կարգի պահպանման օգտին: 169 պատգամավորներից կողմ է արտահայտվել 141-ը, դեմ՝ 26-ը, հայտնում են նորվեգական լրատվամիջոցները: Հանրապետական կարգի անցնելու համար խորհրդարանում անհրաժեշտ է ձայների երկու երրորդի մեծամասնությունը:

Քվեարկությունն անցկացվել է թագավորական ընտանիքի շուրջ ծագած մի քանի սկանդալների և դրա վարկանիշի անկման ֆոնին:

Փետրվարի 3-ին Օսլոյում մեկնարկել է թագաժառանգ արքայադուստր Մետտե-Մարիտի որդու՝ 29-ամյա Մարիուս Բորգ Հյոյբիի դատավարությունը: Նա մեղադրվում է ընդհանուր առմամբ 38 հանցագործության մեջ, այդ թվում՝ չորս բռնաբարության: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրան մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում:

Միևնույն ժամանակ, նոր սկանդալ է հասունանում նաև նրա մոր՝ արքայադուստր Մետտե-Մարիտի շուրջ: Սա կապված է ԱՄՆ-ում սեռական հանցագործությունների մեջ մեղադրվող տխրահռչակ միլիարդատեր Ջեֆրի Էփշտեյնի գործով փաստաթղթերի նոր խմբաքանակի հրապարակման հետ: Պարզվել է, որ Մետտե-Մարիտի կապերը Էփշտեյնի հետ եղել են շատ ավելի սերտ, քան ընդունված էր կարծել նախկինում:

Լրատվամիջոցները գրում են, որ 2011 թվականից սկսած Էփշտեյնը և արքայադուստր Մետտե-Մարիտը վարել են ինտիմ և ջերմ նամակագրություն: Նախկինում Մետտե-Մարիտը պնդել է, թե խզել է հարաբերությունները Էփշտեյնի հետ 2013 թվականին, երբ հասկացել է, որ վերջինս փորձում է «օգտվել» թագավորական ընտանիքի հետ ունեցած կապերից: Սակայն փաստաթղթերը ցույց են տալիս, որ նրանց նամակագրությունը շարունակվել է մինչև 2014 թվականի ամառը:

Նորվեգիայի թագավորական ընտանիքը հունվարի 30-ին հայտարարել է, որ թագաժառանգ արքայադուստրը տեղյակ չի եղել Էփշտեյնի հանցագործությունների մասշտաբների և բնույթի մասին:

Մետտե-Մարիտը Verdens Gang պարբերականին հայտնել է, որ «պետք է պատասխանատվություն ստանձնի այն բանի համար, որ ավելին չի իմացել նրա անցյալի մասին և բավականաչափ արագ չի հասկացել, թե նա ինչպիսի մարդ է: