Նյու Յորքի բնակիչները վրդովված են կոմունալ ծառայությունների աշխատանքի անարդյունավետությունից. վերջին տարիների ամենաուժեղ ձյան տեղումներից մեկից հետո քաղաքի փողոցներում շարունակում են աղբի և ձյան կույտեր մնալ, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:

Ինչպես նշում է CBS News հեռուստաալիքը, անբարենպաստ եղանակի հետևանքով քաղաքում տեղացել է 30-ից 38 սմ ձյուն: «Մենք փորձում ենք հաղթահարել սա: Անում ենք հնարավոր ամեն ինչ, գործի ենք դնում բոլոր ռեսուրսները: Խնդրում ենք ձեզ համբերություն դրսևորել, մենք շուտով կհաղթահարենք սա», - հեռուստաալիքին ասել է Նյու Յորքի քաղաքապետարանի սանիտարական հսկողության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար Խավիեր Լոհանը

Կադրերում քաղաքի փողոցներն են՝ լեփ-լեցուն աղբամաններով և մայթերի երկայնքով շարված թափոնների պարկերի կույտերով, որոնք, հեռուստաալիքի տեղեկություններով, «վխտում են առնետներով»։ Քաղաքային իշխանություններն ընդունում են, որ աղբահանությունը հետ է մնում գրաֆիկից, սակայն հավաստիացնում են, որ աշխատանքները նոր թափով են ընթանում։ «Սա սարսափելի է։ Անկեղծ ասած, չեմ կարողանում մտածել, թե էլ ինչ ասել։ Սա զզվելի է», - հաղորդում է CBS News-ը՝ մեջբերելով քաղաքի բնակիչներից մեկի կարծիքը։

Ինչպես նշում է New York Post թերթը, արդեն մեկ շաբաթից ավելի է ինչ աղբը թափված է փողոցներում, իսկ թափոնների կույտերն իրենց չափերով գերազանցում են ավտոմեքենաներին։

Անբարենպաստ եղանակը դիպել է ԱՄՆ ավելի քան 200 միլիոն բնակչի, տեղ-տեղ տեղացել է ավելի քան 50 սմ ձյուն։ Վատ պայմանների պատճառով անցած հանգստյան օրերից ի վեր երկրում չեղարկվել են մի քանի տասնյակ հազար ավիաչվերթներ։ Ըստ CBS News-ի տվյալների՝ ԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 100-ի։