Սպիտակ տունը դժգոհ է Հորդանան գետի Արևմտյան ափի նկատմամբ վերահսկողության ընդլայնմանն ուղղված Իսրայելի գործողություններից, որի տարածքում տեղակայված է Պաղեստինյան ազգային վարչակազմը։ Այս մասին, հղում անելով ամերիկյան վարչակազմի իր աղբյուրին, X սոցիալական հարթակում հայտնել է Axios պորտալի թղթակից Բարաք Ռավիդը:

Ինչպես նշել է աղբյուրը, ամերիկյան վարչակազմը դեմ է այնպիսի գործողություններին, որոնք կարող են հանգեցնել Իսրայելի կողմից Արևմտյան ափի անեքսիային։ «Արևմտյան ափի կայունությունը թույլ է տալիս Իսրայելին պահպանել անվտանգությունը։ Դա համապատասխանում է [ամերիկյան] վարչակազմի դիրքորոշմանը՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու հարցում»,- հավելել է զրուցակիցը։

Ավելի վաղ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի, Եգիպտոսի, Հորդանանի, Ինդոնեզիայի և Պակիստանի արտգործնախարարները դատապարտել են Իսրայելի գործողությունները՝ ուղղված Հորդանան գետի արևմտյան ափի նկատմամբ վերահսկողության ընդլայնմանը։ Նրանք նշել են, որ բնակեցման գործունեության ընդլայնմանն ուղղված քայլերը և պաղեստինյան տարածքի կառավարման հարցում ստատուս քվոյի փոփոխությունն արագացնում են ապօրինի բռնակցման և տեղի բնակչության տեղահանման գործընթացը։