Կոլումբիայում հազվագյուտ տեղատարափ անձրևների հետևանքով քսաներկու մարդ է զոհվել, ինչը հազարավոր ընտանիքների ստիպել է լքել իրենց տները, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
Կոլումբիացի պաշտոնյաները երկուշաբթի հաստատել են, որ 14 մարդ մահացել է Կորդոբա և Սուկրե դեպարտամենտներում, որտեղ վնասվել է առնվազն 9000 տուն։ Բնակիչները փորձել են փրկել իրենց ունեցվածքը՝ մինչև գոտկատեղը կանգնած ջրի և ցեխի մեջ՝ օգտագործելով մոտորանավակներ և ժամանակավոր ջրային փոխադրամիջոցներ։
Ըստ ազգային օդերևութաբանական Ideam գործակալության՝ Հյուսիսային Ամերիկայից Կոլումբիայի Կարիբյան ափ շարժվող սառը ճակատն անցյալ ամիս պատմական միջին ցուցանիշի համեմատ 64 տոկոսով մեծացրել է տեղումների քանակը։ Կիրակի օրը պաշտոնյաները հայտնել են, որ զոհվածների թիվը հասել է 13-ի։ Յոթ մարդ մահացել է Նարինո հարավարևմտյան դեպարտամենտում ուրբաթ օրը տեղի ունեցած սողանքի հետևանքով, երբ անձրևից ուռչած գետը դուրս է եկել ափերից՝ տները թաղելով ցեխի շերտի տակ, հայտնել են դեպարտամենտի իշխանությունները։ Նրանք հեռարձակել են կադրեր, թե ինչպես են հողային սարքավորումները մաքրում ցեխը, իսկ փրկարարական խմբերն ու որոնողական շները մարմիններ են փնտրում: Տարվա այս եղանակին Կոլումբիայում առատ տեղումները հազվադեպ են լինում: Կլիմայի փոփոխությունը առաջացնում է չոր և խոնավ ժամանակաշրջանների հերթագայություն Կոլումբիայում, որն ունի արևադարձային կլիմա և որտեղ հստակ սեզոններ չկան:




























