Գործնական առումով ստացանք այն,մ ինչ որ սպասում էինք, բայց պետք է նշել նաև, որ այցի մթնոլորտը շատ ավելի դրական  ստացվեց, քան սպասում էինք։ Այս մասին այսօր՝ փետրվարի 10–ին, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան այցելությանը։

«Ես շատ ուրախ եմ արձանագրել, որ մեր հանրության շրջանում շատ դրական ընկալում ունեցավ, և սա թերևս կարևոր և արտահայտիչ պատկերումն է բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության, որի արդյունքները մենք տեսնում ենք։ Շատ կարևոր է այցի տնտեսական համատեքստը։ ԱՄՆ փոխբնախագահի, այն էլ Ջեյ Դի Վենսի նման վառ քաղաքական գործչի այցը Հայաստանը դնում է հասմաշխարհային ուշադրության կենտրոնում։ Շատ կարևոր է, որ ԱՄՆ–ի ներդրումային միջավայրի ուշադրությունը լրացուցիչ հրավիրվում է Հայաստանում բացված և բացվող ներդրումային հնարավորությունների վրա։

ԱՄՆ փոխնախագահը այդ մեծ թվերի հրապարակումով ցույց է տալիս ԱՄՆ–ի մեծ քաղաքական կամքը աջակցելու ՀՀ–ում ներդրումներ իրականացնելուն։ Այդ մեծ թվերը պետք է կոնկրետացվեն, դառնան կոնկրետ նախագծեր, կոնկրետ հասցեներ։ Մենք առաջին անգամ ԱՄՆ–ի հետ պաշտպանության ոլորտում իրականացնում ենք և  իրականացնելու ենք համագործակցություն։ Սա շատ կարևոր է արձանագրել, որ այս ամեն ինչը  խաղաղության օրակարգի արդյունքներն են»,–ասաց Փաշինյանը։

Հիշեցնելով, որ Վենսի հետ ինքն առաջին անգամ հանդիպել է 2025–ի փետրվարի 7–ին, Փաշինյանն ասաց, որ դա շատ մեծ կարևորություն ունեցավ. «Ես հատուկ ընդգծեցի փոխնախագահի նկատմամբ իմ հարգանքը եռապատկվեց, որ մինչև ես Վաշինգտոնից հասա Երևան, ԱՄՆ դեսպանատնից մեզ արդեն ծանուցեցին, որ այցի արդյունքներով ԱՄՆ փոխնախագահ արդեն զեկուցել  է ԱՄՆ նխագահին, և տրվել են  անհրաժեշտ հանձնարարականներ։ Դա ինձ չափազանց զարմացրեց։ Այսօր մենք տեսնում ենք դրա արդյունքները»,– ընդգծեց ՀՀ վարչապետը։

Անդրադառնալով TRIPP ծրագրին, Փաշինյանն ասաց, որ հիմա դրամական մեծ հոսքեր են տեղի ունենալու. «Ցանկացած երկիր ուզում է, որ գումարներ գան դրսից, և ներսում կրկնապատկվեն, եռապատկվեն, քառապատկվեն։ Մեկ միավոր ներդրումը որոշակի ոլորտում, բերում է երկու, տեղ–տեղ երեք միավոր ներդրում։ Ըստ էության, մենք խոսում ենք ներդրումային նոր էկոհամակարգի ձևավորման մասին։  Երկաթուղին միայն ռելսը չէ, դա նաև կողքի սպասարկումն է, այլ ծառայություններն են, գերժամանակակից սարքավորումներն են և այլն, էլ չեմ ասում ուևորների, ապրանքների, ծառայությունների հոսքի սպասարկումը։

Բացի երկաթուղուց, մենք խոսում ենք նաև նոր էլեկտրահաղորդման գծերի, նոր խողովակաշարերի մասին, մալուխների մասին։ Այսինքն այստեղ ներդրումը բերում է ներդրում։»։