Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի հայտարարել է, որ հրամայել է քաղաքացիությունից զրկել Իսրայելի երկու պաղեստինցի քաղաքացիների, ովքեր դատապարտվել են ահաբեկչության մեղադրանքով, և արտաքսել նրանց պաղեստինցիների վերահսկողության տակ գտնվող շրջաններ, հայտնում է AFP-ն:
Սա առաջին դեպքն է, երբ նման միջոցներ են ձեռնարկվում 2023 թվականի օրենքի համաձայն, որը թույլ է տալիս Իսրայելի քաղաքացիությունից կամ կացության թույլտվությունից զրկել հակաիսրայելական հարձակումներ իրականացրած այն անձանց, որոնց ընտանիքները հետագայում փոխհատուցում են ստացել Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Պաղեստինյան վարչակազմի կողմից:
«Այսօր առավոտյան ես ստորագրել եմ Իսրայելի երկու ահաբեկիչների քաղաքացիությունից զրկելու և արտաքսելու որոշումը, ովքեր դանակահարություններով և հրաձգությամբ հարձակումներ են իրականացրել իսրայելցի խաղաղ բնակիչների դեմ և պարգևատրվել են Պաղեստինյան վարչակազմի կողմից իրենց զազրելի գործողությունների համար», — ասված է Նեթանյահուի հայտարարության մեջ, որը հրապարակել է նրա գրասենյակը:
«Ես շնորհակալություն եմ հայտնում կոալիցիայի նախագահ Օֆիր Կացին՝ այն օրենքի ընդունումը գլխավորելու համար, որը կհանգեցնի նրանց վտարմանը Իսրայել Պետությունից և որին կհետևեն նրանց նման շատ ուրիշները», — նշված է հաղորդագրության մեջ:
Հայտարարությունը հրապարակվել է այն պահին, երբ Նեթանյահուն ուղևորվում էր Վաշինգտոն, որտեղ չորեքշաբթի օրը նա հանդիպելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Իսրայելական լրատվամիջոցները հրապարակել են պաղեստինյան ծագում ունեցող հիշատակված քաղաքացիների անունները՝ Մոհամմեդ Համադ ալ-Սալհի և Մոհամմեդ Խալասահ:
«Պաղեստինցի բանտարկյալների ակումբ» իրավապաշտպան խումբը AFP գործակալությանը հաստատել է նրանց ինքնությունը և հայտնել, որ նրանք ծունդով Իսրայելի կողմից անեքսիայի ենթարկված Արևելյան Երուսաղեմից են:
Ինչպես հայտնել են ակումբից՝ Ալ-Սալհին բանտից ազատ է արձակվել 2024 թվականին՝ ճաղերի հետևում 23 տարի անցկացնելուց հետո, և ունի Իսրայելի քաղաքացիություն: Խալասան ունի Արևելյան Երուսաղեմի կացության թույլտվություն (իսրայելական իշխանությունների կողմից պաղեստինցիներին տրվող անձը հաստատող փաստաթուղթ), որը Իսրայելի քաղաքացիություն չի շնորհում:
AFP գործակալության հետ կապ հաստատած ազգականը հայտնել է, որ Խալասան նախկինում ունեցել է Իսրայելի քաղաքացիություն, սակայն մի քանի ամիս առաջ զրկվել է դրանից:
Նույն աղբյուրը հայտնել է, որ Խալասան դատապարտվել է 18 տարվա ազատազրկման, երբ դեռ անչափահաս է եղել և կրել է իր պատժի ժամկետի մոտ կեսը: Իսրայելական լրատվամիջոցները հայտնել են, որ Ալ-Սալհիի արտաքսումը կարող է իրականացվել մոտ ժամանակներս, մինչդեռ Խալասայի արտաքսումը տեղի կունենա միայն պատժի ժամկետի ավարտից հետո՝ բանտից ազատ արձակվելիս: Ըստ օրենքի՝ նման արտաքսվածները կուղարկվեն օկուպացված Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Պաղեստինյան վարչակազմի վերահսկողության տակ գտնվող տարածքներ կամ Գազայի հատված:





























