Սառը պատերազմի ավարտից հետո առաջին անգամ եվրոպական երկրները քննարկում են սեփական միջուկային պաշտպանության համակարգի ստեղծման հարցը, քանի որ Միացյալ Նահանգներն այլեւս հուսալի ռազմական գործընկեր չէ, հաղորդել է Bloomberg-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Եվրոպան ներկայում պաշտպանված է ԱՄՆ «միջուկային հովանոցի» կողմից, որը բաղկացած է մայրցամաքում տեղակայված ամերիկյան զենքերից։ Միայն Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան ունեն իրենց սեփական միջուկային զենքը։ Էմանուել Մակրոնը, ինչպես սպասվում է, շուտով կառաջարկի եվրոպական երկրները դնել ֆրանսիական միջուկային զսպման պաշտպանության տակ։ Նա կարող է այս մասին հայտարարել Մյունխենի անվտանգության համաժողովում, որը տեղի կունենա փետրվարի 13-15-ը, կամ ավելի ուշ փետրվարին։
ԱՄՆ «հովանոցը» ֆրանսիականով փոխարինելը կարող է ֆինանսապես արգելակող լինել շատ եվրոպական երկրների համար, գրել է Bloomberg-ը։ Եվրոպան արդեն մեծ գումարներ է ծախսում սովորական զենքի ստեղծման վրա։ Մինչեւ 2025թ․ ԵՄ-ը եւ Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա ընդհանուր առմամբ կծախսեն ավելի քան 530 միլիարդ դոլար։ Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան միասին ունեն մոտ 400 տեղակայված մարտագլխիկ, մինչդեռ ԱՄՆ-ը ունի 1 670 եւ կարող է ավելացնել դրանց թիվը СНВ-III պայմանագրի ժամկետի լրանալուց հետո։
Որոշ եվրոպական երկրներ կարող են ներդրումներ կատարել միջուկային զենքի համար անհրաժեշտ բոլոր տարրերը մշակելու կարողության մեջ, սակայն դա կպահանջի ատոմակայաններ, ուրանի հարստացման բարդ եւ թանկարժեք կայաններ եւ «չտարածման մասին համաձայնագրերը խախտելու քաղաքական պատրաստակամություն»,- նշել է Bloomberg-ի աղբյուրներից մեկը։
Պարբերականը նշել է, որ երբ ԱՄՆ-ը խոսում է Եվրոպայի կողմից սեփական պաշտպանությունն ապահովելու մասին, նկատի ունի սովորական զենքը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ոչ հրապարակավ, ոչ մասնավոր կարգով չի հիշատակել «միջուկային հովանոցի» մասին։
2025թ․ մարտին «Երկրի վիճակի մասին» իր ուղերձում Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանն Ուկրաինայում պատերազմը վերածել է «գլոբալ հակամարտության», եւ որ Եվրոպան պետք է պատրաստ լինի, որ ԱՄՆ-ը «մեր կողմից չի լինի»։ Նա նաեւ ասել է, որ որոշել է քննարկում սկսել «միջուկային զսպման վերաբերյալ մեր եվրոպացի դաշնակիցների հետ»։ Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIRPI) գնահատականների համաձայն՝ 2025թ․ սկզբի դրությամբ ինը միջուկային տերություններ՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը, Հյուսիսային Կորեան եւ Իսրայելը, ընդհանուր առմամբ ունեին 12 241 մարտագլխիկ։ Դրանցից 9 614-ը համարվում է պոտենցիալ գործող, իսկ մոտ 2 100 մարտագլխիկ «պահվում է բարձր պատրաստվածության» վիճակում։ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները միասին տիրապետում են աշխարհի միջուկային զենքի մոտավորապես 90 տոկոսին։





























