Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի անդամ, Չինաստանի արտգործնախարար Վան Ին ուրբաթ օրը կոչ է արել Չինաստանին և Ֆրանսիային համատեղ ջանքեր գործադրել ՄԱԿ-ի կարգավիճակն ու դերը պաշտպանելու և աշխարհի վերադարձը «ջունգլիների օրենքին» կանխելու համար, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։

Վան Ին այս կոչով հանդես է եկել Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ ունեցած բանակցությունների ժամանակ։

Չինաստանի արտգործնախարարը նշել է, որ ուրբաթ օրը Չինաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարների առաջին եռակողմ հաջող հանդիպումը աշխարհին դրական և կառուցողական ազդակ է հաղորդել։

Փոփոխվող և անկայուն միջազգային իրավիճակում, երբ բազմակողմանիությունը հարվածի տակ է, երեք խոշոր տերությունները պետք է կանգնեն ուս ուսի, որպեսզի կարողանան պաշտպանել ՄԱԿ-ի կանոնադրության նպատակները, իսկական բազմակողմանիությունը և ազատ առևտրի համակարգը, ինչպես նաև դրական էներգիա հաղորդեն աշխարհին, ընդգծել է Վան Ին

Նրա խոսքով՝ անցյալ տարեվերջին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Չինաստան կատարած այցից հետո երկկողմ հարաբերությունները շարունակում են զարգանալ դրական և դինամիկ կերպով, տարբեր գերատեսչություններ շարունակում են աշխատանքը բանակցությունների արդյունքների ուղղությամբ, իսկ փոխանակումներն ու տարբեր ոլորտներում համագործակցությունը թափ են հավաքում։

Կողմերը պետք է ուրվագծեն փոխանակումների հաջորդ փուլի ընթացքը, մշտապես ամրապնդեն փոխադարձ ըմբնումն ու վստահությունը, ինչպես նաև ընդլայնեն փոխշահավետ համագործակցությունը, հավելել է Վան Ին։

Թե՛ Չինաստանը, թե՛ Ֆրանսիան անկախ և պատասխանատու խոշոր տերություններ են, իսկ բազմակողմ համակարգումը նրանց երկկողմ հարաբերությունների կարևոր առանձնահատկությունն է, հայտարարել է ԱԳ նախարարը՝ կոչ անելով Պեկինին և Փարիզին զբաղվել գլոբալ կառավարման դեֆիցիտի վերացմամբ և սատարել միմյանց բազմակողմ նախաձեռնությունները

Իր հերթին Բարոն նշել է, որ անցյալ տարի Էմանուել Մակրոնի հաջող այցը Չինաստան հանգեցրել է ռազմավարական շփումների խորացմանը և երկու երկրների առաջնորդները եկել են մի շարք կարևոր կոնսենսուսների։

Ֆրանսիան մեծ նշանակություն է տալիս Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կարգավիճակին ու որպես խոշոր տերություն վերջինիս դերին, այն հաստատակամորեն հավատարիմ է «մեկ Չինաստանի» քաղաքականությանը, ընդգծել է նախարարը։

Նրա խոսքով՝ Ֆրանսիան պատրաստ է Չինաստանի հետ միասին աշխատել երկու պետությունների ղեկավարների ձեռք բերած համաձայնությունների իրականացման, տարբեր ոլորտներում ինստիտուցիոնալ երկխոսության ամրապնդման, փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության խորացման և երկխոսության ու խորհրդակցությունների միջոցով տարաձայնությունների պատշաճ կարգավորման ուղղությամբ

Ժ.-Ն. Բարոն նշել է, որ այս տարի Ֆրանսիան նախագահում է «Մեծ յոթնյակում» (G7), իսկ Չինաստանը հյուրընկալում է Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության տնտեսությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը: Փարիզը հույս ունի Պեկինի հետ պահպանել սերտ բազմակողմ շփումներն ու համակարգումը, ինչպես նաև համատեղ աշխատել այնպիսի կարևոր հարցերի շուրջ, ինչպիսին է գլոբալ կառավարումը, հավելել է նա:

Բացի այդ, կողմերը մտքեր են փոխանակել այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են ուկրաինական ճգնաժամը և իրանական միջուկային հիմնախնդիրը: