Ռուսաստանը տարակուսանք է հայտնել պաշտոնական Բաքվի հայտարարությունների վերաբերյալ՝ Կիեւում Ադրբեջանի դեսպանատան վրա Ռուսաստանի կողմից իբր միտումնավոր գրոհների մասին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում։
«Մենք տարակուսանքով ենք ընդունել պաշտոնական Բաքվի հայտարարությունները՝ Կիեւում Ադրբեջանի դեսպանատան վրա իբր միտումնավոր ռուսական հրթիռային գրոհների մասին,- նշել են նախարարությունում։- Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմին ժամանակին տրամադրվել են անհրաժեշտ պարզաբանումներ։ Մասնավորապես, 2025թ․ նոյեմբերի 21-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած զրույցի ժամանակ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանն անկեղծ ափսոսանք է հայտնել Ուկրաինայում Ադրբեջանի դիվանագիտական առաքելության շենքերին եւ տարածքին հասցված վնասի համար։
Միեւնույն ժամանակ, նշվել է, որ Կիեւում Ադրբեջանի դիվանագիտական առաքելության համալիրին հասցված վնասը, հավանաբար, պայմանավորված է եղել Ուկրաինայի զինված ուժերի հակաօդային պաշտպանության համակարգերի ոչ կոռեկտ աշխատանքով, ենթադրաբար՝ «Պատրիոտ» զենթահրթիռային համալիրի անկման պատճառով։
«Ադրբեջանական կողմին կրկին հավաստիացվել է, որ հատուկ ռազմական գործողության ընթացքում Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցնում օրինական ռազմական թիրախներին, ներառյալ Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության օբյեկտները, այդ թվում՝ Կիեւում գտնվողներին։ Հարվածները պլանավորելիս մարտական տվյալներն ուշադիր հետեւվում են՝ քաղաքացիական անձանց վնաս հասցնելուց խուսափելու համար, հաշվի են առնվում օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների գտնվելու վայրերը»,- նշել են դիվանագիտական գերատեսչությունում։
Ինչպես նշվել է Սմոլենսկայա հրապարակում, այս համատեքստում հատկապես ընդգծվել է, որ Ուկրաինայում ադրբեջանական թիրախների դեմ իբր թիրախային հրթիռային հարվածների մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ «Ուշադրություն է դարձվել նաեւ այն փաստին, որ Կիեւի ռեժիմը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, շարունակում է ռազմական օբյեկտներ, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգեր տեղակայել բնակելի տարածքներում՝ դրանով իսկ վտանգի ենթարկելով քաղաքացիական բնակչությանը։ Ռուսական կողմը ենթադրում է, որ Ուկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է պատասխանատվություն կրի նման հանցավոր գործողությունների ցանկացած հետեւանքների համար»,- եզրափակել են ռուսաստանյան նախարարությունում։





























