ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կիրակի հայտարարել է, որ Վաշինգտոնը «չի վիճարկում» հինգ եվրոպական երկրների հաղորդումն այն մասին, որ բանտարկված ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին մահացու թունավորվել է գորտի հազվագյուտ թույնով, հայտնում է AFP-ն։

Ռուբիոն Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդերլանդների և Շվեդիայի՝ շաբաթ օրը հրապարակած զեկույցն անվանել է «շատ տագնապալի»։ Մեծ Բրիտանիան, որը բացահայտ մեղադրել է Ռուսաստանին Նավալնու մահվան մեջ, հայտարարել է, որ դիտարկում է Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը։

Սլովակիայում կարճատև այցով գտնվող Ռուբիոն ասել է, որ Նավալնու մահը «շատ լուրջ» իրադարձություն էր, և զեկույցին չմիանալու ԱՄՆ որոշումը «չի նշանակում, թե մենք համաձայն չենք արդյունքների հետ»։ Զեկույցում նշվում էր, որ Նավալնին թունավորվել է «հազվագյուտ թույնով»՝ էպիբատիդինով, որը ստացվում է էկվադորյան ծառամագլցող գորտից։

Եվրոպացիները նաև հայտարարել են, որ Ռուսաստանը գլխավոր կասկածյալն է։ Միացյալ Նահանգները կապեր են պահպանել ռուսաստանցի պաշտոնյաների հետ հարաբերությունները բարելավելու նպատակով, սակայն Ռուբիոն ասել է, որ ԱՄՆ վարչակազմը չի միացել հայտարարությանը, քանի որ դա Եվրոպայի առաջ քաշած նախաձեռնությունն էր։

«Երբեմն երկրները գործում են իրենց հայեցողությամբ՝ հիմնվելով իրենց հավաքած հետախուզական տվյալների վրա։ Մենք, ակնհայտորեն, տեղեկացված էինք զեկույցի մասին։ Դա տագնապալի հաշվետվություն է,- հավելել է նա։- Իհարկե, մենք դա կասկածի տակ դնելու որևէ հիմք չունենք և չենք պատրաստվում վիճել կամ պայքարի մեջ մտնել այդ երկրների հետ դրա պատճառով»։

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Նավալնու թունավորման վերաբերյալ մեղադրանքներն անվանել էր «տեղեկատվական արտահոսք»։