Եկատերինբուրգում տեղի ունեցած հայտնի միջադեպի մասնակիցների եղբայրը՝ Սեյֆեդդին Սաֆարովը, քննադատությամբ է հանդես եկել ՌԴ իշխանությունների հասցեին:
«Եղբորս՝ Բեքիր Սաֆարովի կյանքը, ով արդեն մի քանի ամիս առանց որևէ օրինական հիմքի կալանքի տակ է պահվում Ռուսաստանում, վտանգված է», - հայտարարել է նա, հայտնում է APA-ն: Սաֆարովի երկու եղբայրները զոհվել են նշված միջադեպի ժամանակ:
«Էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ Մոսկվայի կողմից իրականացվող խտրականությունը համակարգային ճնշումների և հալածանքների բաղկացուցիչ մասն է: Իմ ընտանիքի անդամները, իմ հարազատները զոհ են դարձել այն բանի, որ Ռուսաստանում էթնիկ անհանդուրժողականության մակարդակը հասել է գագաթնակետին», - հայտարարել է տղամարդը՝ հավելելով, որ «AZAL-ի քաղաքացիական ինքնաթիռի ուղղությամբ հրթիռային կրակ բացած ռուս զինվորականները մինչ օրս պատիժ չեն կրել»:
Սեյֆեդդին Սաֆարովը հայտարարել է, որ մտադիր է շարունակել պայքարը «Մշակութային և էթնիկ բազմազանության կենտրոն» հասարակական միավորման շրջանակներում, որը նա հիմնադրել է 2026 թվականի հունվարի 20-ին Բաքվում և հանդիսանում է դրա նախագահը:
Նրա խոսքով՝ «Ռուսաստանում համակարգված կերպով խախտվում են նաև այլ էթնիկ փոքրամասնությունների՝ օրինակ՝ լեզգիների, թալիշների, չերքեզների իրավունքները, և նրանց իրավունքները նույնպես լուրջ պաշտպանության կարիք ունեն»:
Հիշեցնենք, որ նմանատիպ ելույթները ավտորիտար Ադրբեջանում անհնար կլինեին առանց իշխող կառույցների թույլտվության:





























