ՔՊ համամասնական ցուցակի շուրջ խմորումները շարունակվում են։ NEWS.am-ի տեղեկություններով, 50 ընտրյալների ցուցակը հնարավոր է ոչ թե ավարտվի 50-ով, այլ 51-ով։ Հաշվի առնելով, որ ցուցակի վերջին`42 և 43 համարներում հանգրվանած Վահե Ղալումյանը և Սերգեյ Բագրատյանը հավասար ձայներ են հավաքել, որոշվել է նրանց թողնել 50-յակում, ուստի ցուցակի հաջողակ ՔՊ-ականների թիվն ավելանում է ևս 1-ով։

Ի դեպ, այս առումով, մեր տեղեկություններով, և Բագրատյանը, և Ղալումյանը դժգոհել են, թե ինչու պետք է բարձր ձայներ հավաքեն ու լքեն ցուցակը։

Իսկ կանանցից ցուցակի 50-ին կմիանան Լուսինե Բադալյանը, Արփի Դավոյանը, Արաքսյա Վարդանյանը, Միլադա Հովհաննիսյանը։

Ի դեպ, դեռևս ՔՊ վարչությունը չի հաստատել այս ցուցակը վարչության նիստում։

Նշենք, որ այս փուլում ՔՊ–ի շուրջ 1100 պատվիրակներ 276 հոգանոց ցուցակից 50-ական թեկնածու են ընտրել։ Ըստ այդմ, ձեւավորվել է ՔՊ-ի նախնական ցուցակը, իսկ առաջին 50 թեկնածուներն արդեն մարտին ներկուսակցական հարթակում քարոզարշավ կանցկացնեն, որպեսզի պատվիրակները նորից ընտրություն կատարեն այդ 50-ի մեջ՝ որոշելով, թե ով է վարչապետի թեկնածուն եւ ով որ տեղը պետք է զբաղեցնի։