Մոսկվայի Ռիժսկի կայարանը նախատեսվում է աճուրդի հանել 4 միլիարդ ռուբլի մեկնարկային գնով։ Այս մասին հայտնել է «Ռուսական երկաթուղիներ» պետական ընկերության կորպորատիվ գույքի դեպարտամենտի պետի առաջին տեղակալ Անաստասիա Կոտկովսկայան։

Նա հավելել է, որ լոտի կազմում կներառվեն 7,7 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով երկու շենք, ինչպես նաև 1,4 հեկտար մակերեսով հողամաս, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Այստեղ հնարավոր կլինի բացել հյուրանոցային համալիր, ռեստորան, թանգարան, գրադարան կամ գիտական օբյեկտ, նշել է Կոտկովսկայան։ Աճուրդը նախատեսվում է անցկացնել մարտի սկզբին։

Նշվում է, որ Ռուսաստանի իշխանությունները պլանավորել են «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ֆինանսական վիճակի բարելավման լայնածավալ ծրագիրը, որը ներառում է նաև ընկերության պարտքի վերակառուցումը։

«Ռուսական երկաթուղիներ» ընկերության փոխտնօրեն Եկատերինա Կրիվոշեևան հայտնել է, որ Մոսկվա քաղաքում գտնվող «Moscow Towers» գրասենյակը նույնպես կվաճառվի աճուրդով։