Հայաստանում տավարի մսի դեֆիցիտը (պակասուրդը) չի հաջողվում լրացնել անգամ Ռուսաստանից համապատասխան արտադրանքի ներկրման հաշվին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է գործարար և ֆերմեր Հարություն Մնացականյանը։
Նրա խոսքով՝ նույնպիսի դեֆիցիտ առկա է նաև Ռուսաստանի Դաշնությունում։ «Անցյաց տարի մեզ մոտ տավարի գլխաքանակաը նվազել է։ Ես թվեր չեմ ասի։ Հույս ունեմ՝ վիճակագրական տվյալները կհրապարակվեն։ Ինչի հետևանքով արդեն երևում է տավարի մսի պակասուրդը և մինչև մայիս-հունիս հնարավոր է գների բարձրացում։ Թե ինչքանով կբարձրանա՝ կախված կլինի շուկայի կոնյունկտուրայից և իրավիճակից։ Այնպես որ, պատրաստ եղեք տավարի մսի գների որոշակի բարձրացման», - ասել է Մնացականյանը։
Շուկայի վաճառողները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել են ֆերմերի խոսքերը։ Նրանց փոխանցմամբ՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում գրեթե 300-500 դրամով աճել են թե՛ սուպերմարկետների, և թե՛ շուկաների գները։
«Մի ժամանակ մարդիկ առնում էին 5 կգ, հիմա առնում է 500 գրամ։ Ասում են՝ մի քիչ միս գցենք ճաշի մեջ, որ գոնե էդ համը տա։
Հայաստանում տավարի գլխաքանակը էականորեն նվազել է, որովհետև Հայաստանում ձեռնտու չէ խոշոր եղջերավոր պահելը, - պարզաբանել է մսի շուկայում արդեն ավելի քան 37 տարի աշխատող վաճառող Վարդգես Խաչատրյանը։





























