Եվրոպական հետախուզական ծառայությունների հինգ ղեկավարներ, որոնք Reuters-ի հետ խոսել են անանունության պայմանով, կարծում են, որ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը։ Նրանցից չորսը հայտարարել են, որ Մոսկվան ԱՄՆ-ի մասնակցությամբ բանակցություններն օգտագործում է պատժամիջոցների մեղմացման թեման առաջ մղելու և բիզնես ոլորտի գործարքներ կնքելու համար։
Բանակցությունները, որոնց վերջին փուլը տեղի է ունեցել այս շաբաթ Ժնևում, «բանակցությունների թատրոն» են, հայտարարել է եվրոպական հետախուզության ղեկավարներից մեկը։
Ինչպես գրում է Reuters-ը, այս հայտարարությունները մատնանշում են եվրոպական մայրաքաղաքների և Սպիտակ տան միջև «տեսակետների ապշեցուցիչ անջրպետը», որն, ըստ Ուկրաինայի, ցանկանում է խաղաղության համաձայնագիր կնքել մինչև հունիս՝ նախքան նոյեմբերին կայանալիք ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները։ Թրամփն ասում է, թե հավատում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է գործարք կնքել։
«Ռուսաստանը չի ձգտում խաղաղության համաձայնագիր կնքել։ Այն ձգտում է հասնել իր ռազմավարական նպատակներին և դրանք չեն փոխվել», - հայտարարել է եվրոպական հետախուզական ծառայությունների ղեկավարներից մեկը։ Այդ նպատակների թվում են Զելենսկու հեռացումը և Ուկրաինայի վերածումը «չեզոք» բուֆերի Ռուսաստանի և Արևմուտքի միջև։
Հետախուզության մեկ այլ ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանը չի ցանկանում և արագ խաղաղության կարիք չունի, իսկ նրա տնտեսությունը «փլուզման եզրին չէ»։





























