ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հարաբերությունները Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ «շատ լավ» են։ Նա նման հայտարարություն է արել Վաշինգտոնում՝ Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ ստեղծված Խաղաղության խորհրդի առաջին նիստում։
Ամերիկացի առաջնորդը խոստովանել է, որ թերագնահատել է Ուկրաինայի ճգնաժամի լուծման բարդությունը։ «Ինձ թվում էր՝ հեշտ կլինի, քանի որ ես շատ լավ հարաբերություններ ունեմ նախագահ Պուտինի հետ»,- ասել է Թրամփը։
Նա միաժամանակ գովաբանել է իր հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի աշխատանքը և հիշեցրել, որ Պուտինի հետ իր առաջին հանդիպումը տևել է մոտ չորս ժամ։ «Ես [զանգահարեցի և] ասացի. «Ինչպե՞ս է Սթիվը»։ «Պարոն, նա դեռ ներսում է»։ Անցավ մեկ ժամ։ Ես հետ զանգեցի։ «Ասեք Սթիվին, որ հետ զանգի ինձ, երբ ավարտի, ես ուզում եմ իմանալ, թե ինչ է կատարվում։ Մենք ուզում ենք ավարտել այս պատերազմը»։ «Պարոն, նա դեռ ներսում է»,- պատմել է Թրամփը։
«Նրանք իրենց առաջին հանդիպման ժամանակ միասին չորս ժամ անցկացրին։ Նրանք տաղանդ ունեն և լավ լեզու են գտնում միմյանց հետ»,- հավելել է ԱՄՆ նախագահը։





























