ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին Ռուսաստանին եւ Ուկրաինային կոչ է արել պայմանավորվել ժամանակավոր հրադադարի մասին՝ Զապորոժիեի ատոմակայանի վիճակը գնահատելու եւ վնասվածքները վերացնելու համար։
«ԱԷՄԳ-ն դիմել է երկու կողմերին՝ հրադադար առաջարկելով, որպեսզի ապահովվեն անվտանգ գնահատումն ու վնասի վերացումը»,- նշվել է գործակալության հայտարարությունում։
Նշվել է, որ փետրվարի 10-ին, մարտական գործողությունների հետեւանքով, անջատվել է «Ֆերոսպլավնայա-1» պահուստային էլեկտրահաղորագիծը։ Ներկա պահին Զապորոժիեի ԱԷԿ-ը աշխատում է միակը մնացած «Դնեպրովսկայա» մայրուղային էլեկտրահաղորդագծով, որն ապահովում է միջուկային անվտանգության բոլոր անհրաժեշտ գործառույթները։
«Իրավիճակն ընդգծում է կայանի խոցելիությունը եւ միջուկային անվտանգությանը սպառնացող շարունակական ռիսկերը հակամարտության պայմաններում»,- հայտարարել է գործակալությունը։
ԱԷՄԳ-ում ավելացրել են, որ պատրաստ են տրամադրել մանրամասն զեկույց վնասի բնույթի եւ միջուկային անվտանգության վրա ցանկացած ազդեցության վերաբերյալ։
Գործակալությունը հիշեցրել է, որ ավելի վաղ աջակցել է հրադադարի չորս ժամանակավոր համաձայնագրերի կնքմանը, որոնք թույլ են տվել հինգ առանձին նորոգումներ իրականացնել Զապորոժիեի ԱԷԿ-ին միացված էլեկտրահաղորդագծերում։


























