Մոսկվայի մարզային դուման ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս սթափարաններ ստեղծել մարզի տարածքում։ Մերձմոսկվայի իշխանությունները, գրել է «Коммерсант»-ը, սթափարանների աշխատանքի համար անհրաժեշտ ծախսերը գնահատել է տարեկան 15 մլն ռուբլի։

Սպասվում է, որ Մոսկվայի մարզում ամեն տարի սթափեցման ծառայության համար կդիմի մոտ 10 հազար մարդ, մոտավորապես այդքան մարդ է ընդունվել մարզային հիվանդանոցներ 2024թ․՝ հարբած վիճակում, եւ չի հոսպիտալացվել «բժշկական ցուցումների բացակայության» պատճառով։

Սթափարանի ծառայության արժեքը Մոսկվայի մարզի առողջապահության փոխնախարար Օլգա Օտդելնովան Մոսկվայի մարզային դումայում լսումների ժամանակ գնահատել է 1461 ռուբլի՝ չճշտելով, թե ինչպես են կատարվել այդ հաշվարկները։

Մոսկվայի մարզում նոր սթափարաններ չեն կառուցվի։ Նախատեսվում է, որ դրանք կտեղակայվեն գործող հիվանդանոցների եւ կլինիկաների տարածքում, եւ այնտեղ կաշխատեն բժիշկներ։

Սթափարանների ցանկը կհաստատվի մարզի կառավարության առանձին որոշմամբ։

Սթափարանների համակարգը, որը Ռուսաստանում վերացվել էր 2011թ․՝ ներքին գործերի նախարարության բարեփոխումների շրջանակում, վերականգնվել է 2021թ․ հունվարի 1-ին։ Շրջաններին հնարավորություն է տրվել իրենց սահմաններում ստեղծել սթափարաններ։ 2026թ․ սկզբի դրությամբ սթափարաններ գործում էին Ռուսաստանի մարզերի մոտավորապես 30 տոկոսում, այդ թվում՝ Թաթարստանում, Տիվայում, Չելյաբինսկի մարզում եւ Կրասնոյարսկի երկրամասում։ Որոշ մարզեր օրենքներ են ընդունել, որոնք թույլ են տալիս ստեղծել սթափարաններ, սակայն նման բուժհաստատություններ դեռ չեն բացվել։