Ռուսական պետությունը շարունակում է հող նախապատրաստել ՌԴ-ում Telegram-ի լիակատար արգելափակման համար։ Ռոսկոմնադզորից և Թվային զարգացման նախարարությունից հետո ծառայության նկատմամբ հավակնություններ ներկայացնելուն միացել է ԱԴԾ-ն, որի մամուլի ծառայությունը հայտարարել է, թե, «հավաստի տվյալների» համաձայն, ուկրաինական բանակն ու հատուկ ծառայությունները հնարավորություն ունեն «սեղմ ժամկետներում ստանալ մեսենջերում տեղադրվող տեղեկատվությունը և այն օգտագործել ռազմական նպատակներով»։

Ըստ ԱԴԾ-ի պնդման, դրանից հետևում է, որ Ուկրաինայում ռուս զինվորականների կողմից մեսենջերի օգտագործումը «վերջին երեք ամիսների ընթացքում բազմիցս հանգեցրել է զինծառայողների կյանքի համար սպառնալիքի ստեղծմանը»։ Նման եզրակացության հանգելու համար ուժայինները կատարել են Telegram-ի աշխատանքի վերլուծություն և ստացել «բազմաթիվ հավաստի տվյալներ», որոնք իբր հաստատում են այդ վարկածը։ Ավելի վաղ, Starlink արբանյակների միջոցով ինտերնետի փաստացի անջատումից հետո, ռուս զինվորականներն ու Z-բլոգերները սկսել են զանգվածաբար դժգոհել իշխանությունների կողմից ձեռնարկված Telegram-ի դանդաղեցումից, ինչը, նրանց պնդմամբ, առանց կապի է թողել առաջնագծում գտնվող հազարավոր զինվորների։

ՌԴ տարածքում մեսենջերի հասանելիության հետ կապված խնդիրները սրվել են փետրվարի 9-ից։ Ռոսկոմնադզորի (ՌԿՆ) կողմից իրականացվող դանդաղեցման պատճառով ամբողջ Ռուսաստանում օգտատերերի մոտ դադարել են բեռնվել ցանկացած տեսակի ֆայլեր։ Կարգավորող մարմնից հայտարարել են, որ արգելափակումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Telegram-ի ղեկավարությունը գործարքի չի գնացել իշխանությունների հետ։ Ըստ ՌԿՆ-ի պնդման՝ մեսենջերը չի ապահովում ռուսաստանցիների անձնական տվյալների պաշտպանությունը և չի պայքարում խարդախների ու ահաբեկիչների դեմ։

Ավելի վաղ ՌԴ թվային զարգացման նախարար Մաքսուտ Շադաևը հայտարարել է, թե Telegram-ը բացահայտում է օգտատերերի նամակագրությունը «օտարերկրյա հատուկ ծառայություններին» և նրանց ստացած տվյալներն օգտագործվում են Ուկրաինայում ռուսական բանակի դեմ։ Ավելի ուշ՝ զինվորականների և Z-բլոգերների կտրուկ քննադատությունից հետո, գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ իշխանությունները առայժմ չեն սահմանափակի ծառայության աշխատանքը «հատուկ ռազմական գործողության» (СВО) գոտում։

Նախօրեին ՌԿՆ-ն հայտարարել էր, թե Telegram-ը իբր կառուցել և պահպանում է ենթակառուցվածք «պրոբիվի» (անձնական տվյալների ապօրինի հավաքագրման) ծառայությունների համար, որոնք, մեսենջերի վարչակազմի աջակցության շնորհիվ, հասանելիություն են ստանում ռուսաստանցիների անձնական տվյալներին և տարածում դրանք, այդ թվում՝ «մարդու դոսյեի» ձևաչափով։