Եվրոպական միության բիզնես շրջանակները հայտարարել են «տնտեսական բումերանգի» ռիսկի մասին` այն բանից հետո, երբ ԱՄՆ Գերագույն դատարանը մասնակիորեն չեղարկել է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված ներմուծման մաքսատուրքերը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով եվրոպական ձեռնարկատերերին։

Եվրոպական ընկերությունները վախենում են, որ առևտրային ռեժիմի հեշտացման փոխարեն իրենք կբախվեն անորոշության նոր փուլի և պատվերների սառեցման։

«Այս որոշումը ռիսկ է ստեղծում բումերանգի էֆեկտի առաջացման համար, ինչը կհանգեցնի լրացուցիչ անորոշության և պատվերների սառեցման, քանի դեռ օպերատորները սպասում են ավելի պարզ կարգավորող դաշտի», - հայտարարել է իտալական գինու ասոցիացիայի (UIV) գլխավոր քարտուղար Պաոլո Կաստելետին։

Եվրոպայի գործարար շրջանակներում մտահոգություն են հայտնում, որ այն սակագների չեղարկումը, որոնք հիմնավորված էին նախագահական արտակարգ լիազորություններով, «քանդում է նախկին իրավական հիմքը», և չեն բացառում նոր սահմանափակումների շուտափույթ ի հայտ գալը։ Նման մտահոգություններ են հայտնել մի շարք ոլորտների ներկայացուցիչներ՝ գինեգործությունից և ագրոարդյունաբերությունից մինչև քիմիական, դեղագործական և կոսմետիկ ճյուղեր։