Նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ կբարձրացնի ուրբաթ հայտարարած գլոբալ մաքսատուրքերը 10 տոկոսից 15-ի՝ ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումից հետո, որն անօրինական է ճանաչել Սպիտակ տան ղեկավարի սակագներ մտցնելու մեխանիզմը։ Այս մասին Թրամփը գրել է Truth Social-ում։

«Ես՝ որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, անհապաղ բարձրացնում եմ ապրանքների եւ ծառայությունների ներմուծման համաշխարհային սակագինն այն երկրների համար, որոնցից շատերը տասնամյակներ շարունակ անպատիժ «թալանել» են ԱՄՆ-ը (քանի դեռ ես չէի եկել իշխանության), 10 տոկոսից հասցնելով լիովին թույլատրելի եւ իրավաբանորեն հիմնավորված մակարդակի՝ 15 տոկոսի»,- ասել է նախագահը։ Թրամփը նաեւ գրել է, որ Գերագույն դատարանը «անհեթեթ, վատ կազմված եւ խիստ հակաամերիկյան որոշում» է ընդունել մաքսատուրքերի վերաբերյալ, որոնք  նա մտցրել է 2025թ․ Սպիտակ տուն վերադառնալուց հետո։

Թրամփը մաքսատուրքերի մասին հայտարարել է 2025թ․ փետրվարին, իր երդմնակալությունից հետո։ ԱՄՆ ներմուծման սակագները վերաբերել են Կանադային, Չինաստանին եւ Մեքսիկային, քանի որ, նրա կարծիքով, նրանք անբավարար չափով են պայքարել ԱՄՆ ֆենտանիլ թմրանյութի մատակարարումները կանխելու հարցում։ Ապրիլի 2-ին նախագահը հայտարարել է 10 տոկոսանոց տուրք մտցնելու մասին աշխարհի գրեթե բոլոր երկրների համար։ Լրացուցիչ տոկոսադրույքներ են սահմանվել նաեւ տասնյակ երկրների համար, որոնց Վաշինգտոնը հայտարարել է միջազգային առեւտրի անբարեխիղճ մասնակիցներ։

Թրամփն այս միջոցառումները որակել է որպես տնտեսական արտակարգ իրավիճակ՝ ԱՄՆ առեւտրային դեֆիցիտի աճի պատճառով։ Արտակարգ իրավիճակի մասին օրենքը նախկինում երբեք չէր կիրառվել այդ նպատակով։ 1974թ․ Առեւտրի մասին օրենքի 122-րդ հոդվածի համաձայն՝ նախագահն իրավասու է 150 օրվա ընթացքում սակագներ սահմանել առանց Կոնգրեսի հավանության։ Դրանից հետո դրանք շարունակելու համար անհրաժեշտ է Կոնգրեսի հասվանությունը։

Ուրբաթ օրը ԱՄՆ Գերագույն դատարանը ձայների (6-3) մեծամասնությամբ որոշել է, որ Թրամփը գործել է անօրինական՝ օգտագործելով այս օրենքն իր «փոխադարձ» սակագներն արդարացնելու համար։

Դրանց կիրառման ընթացքում կառավարությունը ներմուծողներից հավաքել է առնվազն 133,5 միլիարդ դոլար, եւ ընկերություններն այժմ մտադիր են այդ կորուստները վերականգնել դատարանների միջոցով։