Մինչ հրթիռային հարվածները ցնցում են Մերձավոր Արևելքը, իսկ Իրանը սգում է իր գերագույն առաջնորդի մահը, նախկին ԽՍՀՄ մի շարք երկրներ բախվել են սեփական մարտահրավերներին։ Այս մասին գրում է «Մոսկովսկի Կոմսոմոլեցը» (ՄԿ)։

«Այսպիսով, հարավկովկասյան հանրապետությունները վարքագծի միանգամայն տարբեր երեք մոդելներ են դրսևորել։ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի ղեկավարությունները հիմնականում զբաղեցրել են սպասողական դիրք, սակայն Բաքուն անսպասելիորեն ստանձնել է տարածաշրջանային «փրկչի» և ճգնաժամի հետևանքների վերացման հիմնական հովանավորի դերը։

Հակամարտության առաջին իսկ օրերից ադրբեջանցիներն օգնել են տարհանվել ոչ միայն սեփական քաղաքացիներին, այլև հրետակոծությունների մեջ հայտնված Իրանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին և ավելի քան հարյուր ռուսաստանցիներին։ Այսպիսով ադրբեջանական ուղղությամբ սահմանն արտակարգ կարգով հատած փախստականների թիվն արդեն անցել է վեց հարյուրը։

Միանգամայն այլ պատկեր է եղել Երևանում։ Հայաստանի կառավարությունը շաբաթ օրը կրկին Անվտանգության խորհրդի նիստ է գումարել, սակայն որևէ հստակ որոշում կամ աղմկահարույց հայտարարություն այդպես էլ չի արել։ Եվ սա այն դեպքում, երբ վերջերս հայտարարություններ էին հնչում իրանցիների հետ ռազմավարական համագործակցության մասին։

Մինչ Հայաստանում Իրանի դեսպանը հանգստացնում էր հանրությանը՝ նշելով, թե հայ-վրացական սահմանին փախստականների կուտակումներ չեն նկատվում, երկրի ներսում դժգոհություն էր հասունանում իշխանությունների գործողությունների հանդեպ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական շրջագայությունը համընկել է հարևան Իրանում պատերազմի սկզբի հետ, ինչից հետո քննադատության բուռն ալիք է բարձրացվել։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ստիպված է եղել արդարանալ այն բանի համար, որ կառավարության ղեկավարը նման տագնապալի ժամանակ զբաղված է եղել (լրագրողների ձևակերպմամբ) «պեռաշկի և կուկուռուզ ուտելով»։ «Եթե դուք «կուկուռուզ» ու «պերաշկի» չեք սիրում, դա ձեր խնդիրն է»,- հայտարարել է նա։

Վրաստանն այս իրավիճակում հայտնվել է ամենատուժած կողմի դերում։ Երկրի իշխանությունները հերթապահ մտահոգություն են հայտնել իրավիճակի վերաբերյալ, սակայն վրացական ընդդիմությունը որոշել է ռազմական գործողություններն օգտագործել սեփական շահերի համար։ Այսպես, դատապարտված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ուրախացել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան լուրով՝ ցանկություն հայտնելով «այդ քաղցր ձայնը» լսել նաև իր հայրենիքում։ Բացի այդ, Թբիլիսիում տեղի են ունեցել տեղի ընդդիմության հանրահավաքները, որոնք հանդես են եկել ի պաշտպանություն ամերիկա-իսրայելական կոալիցիայի գործողությունների։ Նրանք պարզել են ԱՄՆ դրոշը, բերել այաթոլլայի կախված մանեկենը և կարգախոսներ վանկարկել Իրանի իշխանությունների դեմ։ Գագաթնակետը եղել է Իրանի դեսպանատան շենքի մոտ տեղի ունեցած միջադեպը, որտեղ Իրանի մի քաղաքացի կոտրել էր հյուպատոսական բաժնի պատուհանը։

Ի զարմանս շատերի, Կենտրոնական Ասիայի երկրներում իրավիճակն ավելի հանգիստ է. շատ պետություններ սահմանափակվել են իրավիճակի վերաբերյալ «մտահոգություն» հայտնող հայտարարություններով։ Նրանց շարքում առանձնանում է Ղազախստանը, որը Կենտրոնական Ասիայի երկրներից միակն է եղել, որ աջակցություն է հայտնել նաև տուժած արաբական երկրներին։

Փորձագետները կարծում են, որ այս դիրքորոշումը պայմանավորված է Աստանայի արտաքին քաղաքական կուրսի փոփոխություններով, որոնք սկսել են նշմարվել դեռ նախորդ տարվա աշնանը։ Հենց այդ ժամանակ Ղազախստանը պաշտոնապես միացել է «Աբրահամի համաձայնագրերին»։ Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ակտիվորեն համագործակցում է նաև «Խաղաղության խորհրդի» հետ, որը գլխավորում է ԱՄՆ առաջնորդը, և նույնիսկ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվան մրցանակ սահմանելու նախաձեռնությամբ։ Այս քայլերը, փորձագետների կարծիքով, վկայում են այն մասին, որ Ղազախստանը խաղադրույք է կատարում արևմտյան գործընկերների և Մերձավոր Արևելքում նրանց դաշնակիցների հետ կապերի խորացման վրա, ինչի մասին խոսում է երկրի ներկայիս դիրքորոշումը։

Ավելի հետաքրքիր է այն, որ այս ամենի ֆոնին Տոկաևը ուժայիններին փոխադրել է շուրջօրյա աշխատանքային ռեժիմի։ Որքան էլ տարօրինակ հնչի, բայց նման միջոցառումներն ավելի շուտ պետք կգային Վրաստանին...

Ավելի վաղ Զելենսկին Իրանի առաջնորդի մահն անվանել էր արդարացի և վճռականության կոչ էր արել ԱՄՆ-ին»,- գրում է պարբերականը: