Լուրջ չէ քաղաքական դիակների հայտարարությունները մեկնաբանելը: Այս մասին այսօր` փետրվարի 15-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայ ազգային կոնգրեսի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը` անդրադառնալով «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի հայտարարությանը, որ 2008թ. նախագահական ընտրություններից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ համագործակցելն անհնար էր, քանի որ նախընտրական քարոզարշավի ընթացքում վիրավորել էր իրեն` չվարանելով անվանել «հայրենիքի դավաճան»: 

Հարցին, թե իրականում նման հայտարարություն եղե՞լ է, նախքան 2008 թվականի փետրվարի 19-ը, Արման Մուսինյանը, պատասխանեց. «Ես Ձեզ խորհուրդ եմ տալիս ուսումնասիրել 2008թ նախագահական ընտրություններին նախորդած ընտրական արշավի հայտարարությունները` ժամանակագրական առումով եւ, վստահ եմ, որ դուք էլ կհամաձայնեք, որ քաղաքական դիակների հայտարարությունները մեկնաբանելը լուրջ չէ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 15-ի մամուլի ասուլիսում ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը հայտարարել էր, որ 2008թ. նախագահական ընտրություններից հետո  Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ համագործակցելն անհնար էր: «Ես ինչպե՞ս կարող էի համագործակցել մի մարդու հետ, ով նախընտրական քարոզարշավի ընթացքում վիրավորել էր ինձ` չվարանելով անվանել «հայրենիքի դավաճան»: Եթե ես ձեզ, օրինակ, հայրենիքի դավաճան անվանեմ, դրանից հետո կաշխատե՞ք ինձ հետ»,- ասել էր Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ 2008թ. նախընտրական քարոզարշավի ընթացքում Արթուր Բաղդասարյանը, ինչպես նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, հանդես էր գալիս արմատական ընդդիմության դիրքերից: Սակայն հետընտրական ողբերգական իրադարձություններից հետո, ՕԵԿ ղեկավարը կտրուկ փոխեց իր դիրքորոշումը, Սերժ Սարգսյանի կողմից նշանակվեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, իսկ «Օրինաց երկիրը» հերթական անգամ դարձավ իշխող կոալիցիայի անդամ:

Հիշեցնենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին Արթուր Բաղդասարյանը առաջին նախագահին նվիրված գրքույկ է գրել: