Նիդեռլանդները եւ Իսլանդիան հայտ են ներկայացրել՝ միանալու Հարավաաֆրիկյան Հանրապետության կողմից Իսրայելի դեմ հարուցված գործին՝ Գազայի հատվածում ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժի մասին կոնվենցիայի ենթադրյալ խախտման վերաբերյալ, նշվել է ՄԱԿ Միջազգային դատարանի մամուլի հաղորդագրության մեջ։
Նշվել է, որ երկու երկրներն էլ մարտի 11-ին ներկայացրել են իրենց համապատասխան հայտարարությունները՝ համաձայն դատարանի ստատուտի 63-րդ հոդվածի, որը թույլ է տալիս մասնակից պետություններին միջամտել դատավարությանը, երբ վիճելի է կոնվենցիայի մեկնաբանությունը։ Եթե պետությունը միջամտում է դատավարությանն այս հոդվածով, դատարանի վերջնական որոշմամբ տրված կոնվենցիայի մեկնաբանությունը իրավաբանորեն պարտադիր է դառնում նաեւ այդ պետության համար։
Համաձայն ընթացակարգի՝ դատարանն առաջարկել է վեճի կողմերին՝ Հարավաֆրիկյան Հանրապետությանը եւ Իսրայելին, ներկայացնել գրավոր մեկնաբանություններ ներկայացված հայտերի վերաբերյալ։
Իսրայելի դեմ ՀԱՀ հայցը ներկայացվել է 2023թ․ դեկտեմբերի 29-ին։ Այնտեղ պնդվում է, որ Իսրայելի գործողությունները Գազայի հատվածի բնակչության դեմ խախտում են իր պարտավորությունները «Ցեղասպանության մասին» կոնվենցիայի վերաբերյալ։ Դատավարության սկսվելուց ի վեր մի շարք պետություններ դիմել են գործընթացին մասնակցելու համար, այդ թվում՝ Կոլումբիան, Լիբիան, Մեքսիկան, Իսպանիան, Թուրքիան, Չիլին, Իռլանդիան, Բելգիան եւ Պարագվայը։





























