Մարտ ամսին Brent նավթի միջին գինը կմնա մեկ բարելի համար 100 դոլարից բարձր՝ Մերձավոր Արեւելքի հակամարտության պատճառով առաջացած էներգետիկ ճգնաժամի պայմաններում։ Այս մասին հաղորդել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով ամերիկյան Goldman Sachs բանկի փորձագետների կանխատեսմանը։

Հեռուստաընկերության տվյալներով՝ վերլուծաբանները կարծում են, որ ապրիլին նավթի գինը կմնա մեկ բարելի համար 85 դոլարի մակարդակին, ապա կնվազի մինչեւ 70 դոլար։ Բայց եթե Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունը ձգձգվի, իսկ էներգամատակարարման խափանումները տեւեն երկու ամիս, ապա նավթի գինը կարող է մնալ մեկ բարելի համար 93 դոլարի մակարդակին մինչեւ տարեվերջ։

Մարտի 2-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) գեներալ-մայոր Էբրահիմ Ջաբարին զգուշացրել էր, որ Հորմուզի նեղուցը, որով անցնում է համաշխարհային նավթի արտահանման մոտ մեկ հինգերորդը, կփակվի նավագնացության համար՝ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների ռազմական գործողությունների պատճառով: Մարտի 5-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտնել էր, որ նեղուցը փակ չէ, եւ որ նավերը, այդ թվում՝ լցանավերը, չեն փորձում անցնել այն՝ երկու կողմերի գրոհներից վախենալով: Ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունը Իրանի դեմ հանգեցրել է նավթի գնի զգալի աճի: Սակայն այնուհետեւ այս ապրանքի գինը նվազել է:

Մարտի 12-ին Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլա Մոջթաբա Խամենեին հայտնել է, որ Թեհրանը պետք է պահպանի Հորմուզի նեղուցը փակելու իր կարողությունը՝  հակառակորդի վրա ճնշում գործադրելու համար: