Գազայի հատվածում աչքի հիվանդություններով տառապող հազարավոր բնակիչներ կանգնած են տեսողությունը վերջնականապես կորցնելու վտանգի առաջ՝ դեղորայքի և ակնաբուժական վիրահատությունների համար անհրաժեշտ սարքավորումների պակասի պատճառով։ Այս մասին հայտնել է էմիրաթական «The National» թերթը՝ հղում անելով տեղի բժիշկներին։

«Գազայի հատվածում աչքի հիվանդություններ ունեցող հազարավոր պացիենտներ կարող են կորցնել տեսողությունը, քանի որ անկլավի տարածք թույլ չեն տալիս ներկրել բժշկական սարքավորումներ և ակնաբուժական վիրահատությունների համար անհրաժեշտ այլ պարագաներ։ Մեր ամենալուրջ խնդիրը դարձել է ախտորոշիչ սարքավորումների և անհրաժեշտ դեղամիջոցների սուր պակասը»,- պարբերականին ասել է Գազա քաղաքի ակնաբուժական հիվանդանոցներից մեկի ղեկավարը:

Նրա խոսքով՝ ակնաբուժական բուժման և վիրահատությունների հերթում ներկայումս կա շուրջ 9 հազար պացիենտ, սակայն սա միայն այն մարդկանց թիվն է, որոնք կարողացել են դիմել հիվանդանոց. օգնության կարիք ունեցողների իրական թիվը շատ ավելի մեծ է: Գազայի հատվածի առողջապահության նախարարության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր անկլավի մոտ 3 հազար բնակիչ կորցրել է տեսողությունը։ Եվս 17 հազար մարդ ստացել է աչքի վնասվածքներ՝ հիմնականում պայթյունների և բեկորների հետևանքով:

Բժիշկները նշում են, որ աչքի բազմաթիվ հիվանդություններ, օրինակ՝ ցանցաթաղանթի շերտազատումը, պահանջում են անհապաղ վիրահատություն, սակայն դրանք հնարավոր չէ իրականացնել դեղորայքի, պարագաների և սարքավորումների պակասի պատճառով։ Հենց սա էլ հանգեցնում է պացիենտների տեսողության անդառնալի կորստի։ Մեկ այլ հիվանդանոցի գլխավոր բժշկի խոսքով՝ վիրահատությունների և աչքերից բեկորների հեռացման համար նախատեսված սարքավորումները զանգվածաբար շարքից դուրս են գալիս։ Այսպիսով, ամբողջ անկլավում մնացել է ընդամենը մեկ լազերային սարք։ Պարբերականը նաև փաստում է, որ արտերկրում բուժման ուղեգրված բազմաթիվ պացիենտներին թույլ չեն տալիս հատել անկլավի սահմանը։

Ավելի վաղ Գազայի իշխանությունները բազմիցս ուշադրություն են հրավիրել հատվածում խորացող հումանիտար ճգնաժամի վրա, որն ուղեկցվում է սննդի, դեղորայքի, ջրի ու վառելիքի դեֆիցիտով, և մեղադրել են Իսրայելին անկլավ անհրաժեշտ մարդասիրական օգնության տեղափոխմանը խոչընդոտելու մեջ։ 2025 թվականի դեկտեմբերի սկզբին Գազայի իշխանությունները հաշվարկել են, որ նույն թվականի հոկտեմբերին հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելու պահից ի վեր պաղեստինյան անկլավ է հասել մարդասիրական բեռների նախատեսված ծավալի 40%-ից էլ պակասը։