Քանի դեռ Հայաստանի իշխանությունները շարունակում են պատմական արդարության վերականգնման օրակարգից հրաժարվելու կուրսը, Ադրբեջանում ոչ պակաս ակտիվորեն շարունակում են ամենատարբեր շահարկումներն ու կեղծարարությունները՝ կապված «հայերի կողմից իրականացված ադրբեջանցիների ցեղասպանության» հետ։
Այսպիսով, հենց այսօր Ադրբեջանի իշխանությունները, «NomadMania» ակումբի հիմնադիր և ղեկավար Հարրի Միտսիդիսի գլխավորությամբ, կազմակերպել են «միջազգային ճանապարհորդների» հերթական խմբի այցը՝ «դեպի Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր» (ադրբեջանական ԶԼՄ-ների տերմինաբանությամբ)։
Ինչպես հայտնում է APA-ն, նրանք ծանոթացել են «Խոջալուի ցեղասպանության հուշահամալիրին»։ «Ճանապարհորդներին տեղեկատվություն է տրամադրվել հուշահամալիրի մասին»,- հայտնում է պարբերականը։
Այս իրադարձությանը զուգահեռ՝ այսօր ՀՀ վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ պետք չէ ժողովրդին սնել ցեղասպանությունների մասին տվյալներով, որ այդ մրցավազքը պետք է դադարեցնել, քանի որ մեր տարածաշրջանում բոլորը բոլորին մեղադրում են ցեղասպանության մեջ։ Նա հավելել է, որ որպես Հայաստանի վարչապետ հրաժարվում է պատմական արդարության վերականգնման այսպես կոչված օրակարգից՝ համարելով, որ պետք է գնալ արդար ներկայի հետևից։ «Ցեղասպանությունների մասին խոսույթով մենք ստանում ենք ցեղասպանությունների մասին խոսույթ, վերադարձի մասին խոսելով մենք ստանում ենք վերադարձի մասին խոսույթ և այդ ամեն ինչը մեկ բանի մասին է՝ Հայաստանի ժողովրդին, ներառյալ Ղարաբաղի ժողովրդին, թույլ չտալ, որ խաղաղվեն, նրանց պահել պանդուխտի և գաղթականի կարգավիճակով»,- նշել է Փաշինյանը։
Ինչպես երևում է, Բաքվում այս տեսակետը ոչ միայն չեն կիսում, այլև հարում են տրամագծորեն հակառակ կարծիքի։ «Արևոտ Ադրբեջանի» հյուրերը պարտադիր կարգով այցելում են հորինված «ցեղասպանությունների» հուշահամալիրներ, դրանց մասին էլ կեղծ պատմական նյութեր են տարածվում տարբեր երկրներում և կազմակերպություններում։ Ավելին, Բաքվում 44-օրյա պատերազմից հետո բացվել է ավարի պուրակ, որը վրդովմունք է առաջացրել եվրոպական կառույցներում։





























