Իսպանիայի Գերագույն դատարանը որոշել է, որ ձեռքի համբույրը կարող է սեռական ոտնձգություն համարվել։
Դատարանը քննել է 2023 թվականին Մադրիդի մոտ գտնվող Ալկոբենդասում ավտոբուսի կանգառում կնոջ ձեռքը համբուրած տղամարդու գործը, գրում է DW-ն։ Տղամարդը նաև ժեստ է արել կնոջը, որ իր հետ գա և փող է առաջարկել։ Մեղադրյալի փաստաբանները փորձել են դա ներկայացնել որպես փողոցային ոտնձգություն, սակայն դատարանը որոշել է, որ ցանկացած սեռական ֆիզիկական շփում համարվում է հարձակում, ինչը նշանակում է, որ տղամարդը «գործել է նրա սեռական անձեռնմխելիությունը խախտելու մտադրությամբ»։
«Սեռական ոտնձգությունը տեղի է ունեցել, քանի որ արարքի նկարագրությունը վերաբերում էր սեռական բնույթի շփմանը և ձայնի երանգավորմամբ, որը զոհը պարտավոր չէր հանդուրժել, ձայներանգ, որն ուներ հստակ սեռական ենթատեքստ և կնոջ իրավունքների ոտնահարում էր՝ նրան առարկայի մակարդակի իջեցնելու միջոցով»,- հավելել է դատարանը՝ հաստատելով ստորին ատյանի դատավճիռը՝ 1500 եվրո տուգանք։
Ֆրանսպրես գործակալությունը Իսպանիան «գենդերային բռնության դեմ պայքարի առաջատար» է բնութագրում։ Դեռևս 2022 թվականին երկրի իշխանությունները մտցրին սեռական ակտերի համար պարտադիր համաձայնության պահանջ։ 2025 թվականին իսպանական դատարանը երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին ղեկավար Լուիս Ռուբիալեսին մեղավոր ճանաչեց սեռական ոտնձգության մեջ՝ հարձակվող Ջենիֆեր Հերմոսոյի շուրթերը համբուրելու համար։





























