Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախազգուշացրել է Եվրոպական միությանը չներքաշվել ամերիկա-իսրայելական ռազմական արշավի մեջ։ Ինչպես հաղորդում է «Tasnim» գործակալությունը, նախագահը քննադատել է Եվրամիության դիրքորոշումը՝ այն որակելով կողմնակալ և միջազգային իրավունքի հետ անհամատեղելի։

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Փեզեշքիանը Միացյալ Նահանգների և իսրայելական վարչակարգի գործողությունները որպես իրավական նորմերի ու միջազգային սկզբունքների կոպիտ խախտում է բնութագրել։

Փեզեշքիանն ընդգծել է, որ Հորմուզի նեղուցը փակ է և կշարունակի անհասանելի մնալ ագրեսոր երկրների ու նրանց աջակիցների հետ կապված նավերի համար՝ զգուշացնելով, որ ցանկացած արտաքին միջամտություն լուրջ և հեռագնա հետևանքներ կունենա։

Նա կոչ է արել եվրոպական երկրներին հրաժարվել Իրանի նկատմամբ որդեգրած բացասական ու ապակառուցողական մոտեցումից և դրա փոխարեն միջազգային իրավունքի վրա հիմնված քաղաքականություն վարել։ Դա կնպաստի կառուցողական փոխգործակցությանը։

Իրանի նախագահը հայտարարել է, որ ամերիկա-իսրայելական հարձակումն աննախադեպ է եղել և ուղղակիորեն հակասել է այն արժեքներին, որոնց հավատարիմ լինելու մասին պնդում է Եվրոպական միությունը։

Նա նշել է, որ Իրանը կառուցողական դիվանագիտություն է վարել, սակայն բանակցությունների փուլում հայտնվել է թիրախում, ինչը վկայում է այն մասին, որ ագրեսորները նախապատվությունը տալիս են ճնշումներին, այլ ոչ թե երկխոսությանը։ Վերահաստատելով Իրանի ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը՝ Փեզեշքիանը հավելել է, որ տարածաշրջանում տիրող անկայունությունը (հատկապես Հորմուզի նեղուցի շուրջ) ԱՄՆ-ի և Իսրայելի թշնամական գործողությունների ուղղակի հետևանքն է։

Նա հերթական անգամ կոչ է արել եվրոպական երկրներին՝ իրենց քաղաքականությունը համապատասխանեցնել միջազգային իրավունքին, այլ ոչ թե կործանարար ուղղություն որդեգրել Իրանի նկատմամբ։

Իր հերթին Եվրոպական խորհրդի նախագահը մտահոգություն է հայտնել հակամարտության աշխարհաքաղաքական և տնտեսական հետևանքների կապակցությամբ։ Նա հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն սատարել Իրանի դեմ ուղղված ագրեսիան՝ այն անհամատեղելի որակելով միջազգային իրավունքի հետ և ընդգծել բանակցությունների միջոցով խաղաղ լուծումներ գտնելու անհրաժեշտությունը։