Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն չորեքշաբթի օրը հեռուստատեսությամբ ազգին ուղղված իր ուղերձում զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով առաջիկա ամիսները «կարող են բարդ լինել»։ Հայտնում է AFP գործակալությունը։
«Առաջիկա ամիսները կարող են բարդ լինել: Ես ուզում եմ անկեղծ լինել այս հարցում: Ոչ մի կառավարություն չի կարող խոստանալ, որ կվերացնի այս պատերազմից առաջացրած ճնշումը», — ասել է Ալբանեզեն:
Բախվելով բենզինի գների պատմական թանկացումներին՝ Ալբանեզեն ավստրալացիներին կոչ է արել անցնել հասարակական տրանսպորտի, որպեսզի վառելիքը խնայվի գյուղական համայնքների և կենսական նշանակություն ունեցող ծառայությունների համար:
«Ավստրալիան այս պատերազմի ակտիվ մասնակից չէ: Սակայն դրա պատճառով բոլոր ավստրալացիներն են ավելի բարձր գներ վճարում», — ասել է նա: — «Ֆերմերների և բեռնատարների վարորդների, փոքր բիզնեսի և ընտանիքների համար հիմա հեշտ չէ: Իրականությունն այն է, որ այս պատերազմով պայմանավորված տնտեսական ցնցումները զգացվելու են դեռ մի քանի ամիս»:
Այս շաբաթ Ավստրալիան հայտարարել է փոքր բիզնեսի համար հարկային ժամանակավոր արտոնությունների մասին և կիսով չափ կրճատել վառելիքի հարկը։ Այդկերպ նրանք օգնել են այն վարորդներին, ովքեր բախվում են բենզինի գների աճին։ Ի վերջո նա հրաժարվել է վառելիքի սահմանափակումներ մտցնելուց։
Լինելով աշխարհագրորեն մեկուսացված և ունենալով ընդամենը երկու գործող նավթավերամշակման գործարան՝ Ավստրալիան խիստ խոցելի է վառելիքի համաշխարհային մատակարարումների խափանումների նկատմամբ և ներկրում է իր սպառած բենզինի մեծ մասը։ Կառավարության տվյալներով՝ Ավստրալիան ունի բենզինի մոտ 37 օրվա պաշար, ինչը զգալիորեն ցածր է Միջազգային էներգետիկ գործակալության կողմից սահմանված 90-օրյա նվազագույն շեմից։



























