Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Մաջիդ Մուսավին երեքշաբթի հայտնել է, որ իր ուժերը անօդաչու թռչող սարքերի և հրթիռների կիրառմամբ հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի «Ալ-Խարջ» ավիաբազայում ամերիկացի օդաչուների և թռիչքային կազմի կացարաններին՝ թիրախավորելով անձնակազմի շուրջ 200 ներկայացուցիչների կուտակումը։

Բրիգադային գեներալ Մաջիդ Մուսավին X սոցիալական ցանցում գրել է, որ հաջողությամբ հարձակում է իրականացվել ամերիկյան թռիչքային անձնակազմի հավաքատեղիի ուղղությամբ։ «Այսօր մենք անօդաչու թռչող սարքերի և հրթիռների կիրառմամբ հարձակվել ենք Սաուդյան Արաբիայի Ալ-Խարջ բազայում ամերիկացի օդաչուների և թռիչքային կազմի անդամների կացարանների վրա, ինչի հետևանքով 200 մարդ է տուժել։ Այժմ, AWACS համակարգի ինքնաթիռներին, լիցքավորող մեքենաներին և վառելիքի պահեստներին հասցված հարվածներից բացի, Թրամփի և Հեգսեթի կորուստների ու վնասների ցուցակում ավելացել են նաև թռիչքային կազմի շրջանում առաջացած զոհերն ու վնասները», - նշել է նա։