Պատերազմի դիվանագիտական կարգավորման հույսերը մարում են, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուշադրությունը սևեռված է Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարձակման վրա, գրում է «Bloomberg» գործակալությունը:
ԱՄՆ-ի միջնորդությամբ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունները մտել են փակուղի, և նշաններ չկան, որ մոտ ժամանակներս հնարավոր խաղաղության համաձայնագրի շուրջ քննարկումներ կսկսվեն։ Ռուսական բանակը պատրաստվում է նոր հարձակողական արշավի։ Այս մասին հայտնել են Կրեմլի քննարկումներին և ճակատային գծում տիրող իրավիճակին ծանոթ աղբյուրները։ Նրանցից մեկի խոսքով՝ բանակցություններում բեկումնային պահի բացակայության պատճառով պատերազմը կարող է ձգձգվել ևս մեկ կամ երկու տարի:
Միևնույն ժամանակ, ինչպես նշում է գործակալությունը, անցյալ շաբաթ ԱՄՆ-ն դաշնակիցներին հայտնել է, որ դեռևս հավատում է Ռուսաստանին և Ուկրաինային բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու հնարավորությանը, թեև առայժմ որևէ տեղաշարժ չկա, և կողմերի դիրքորոշումները դեռևս խիստ տարբերվում են միմյանցից:



























